Ո՞ր ուժն է ընդդիմության դրոշակակիրը

ՀԱՐՑԱԽՈՒՅԶ

Արդի աշխարհում երկրների ներքաղաքական կյանքը հիմնականում երկու բաղադրիչ ունի՝ իշխանություն և ընդդիմություն: Ժողովրդավարության տրամաբանությամբ, եթե պարզ սխեմայի վերածելու լինենք, որևէ պետության կառավարման լծակները գտնվում են այս կամ այն քաղաքական ուժի, կոալիցիայի կամ դաշինքի ձեռքին: Հակառակ կողմում ընդդիմադիր քաղաքական միավորներն են, որոնց գործունեության էությունն է ի հայտ բերել կառավարողների սխալները, որպեսզի կանխվի պետության հետընթացը, ինչպես նաև ամենատարբեր կարգի ընտրությունների միջոցով փորձեն գալ իշխանության, որպեսզի կարողանան իրականացնել երկրի բարօրության սեփական ծրագրերը: Որքան ընդդիմությունը վարպետորեն է կարողանում վեր հանել իշխանությունների սխալները, այնքան մեծ հնարավորություն ունի իր կողմը գրավելու դժգոհ զանգվածին՝ կառավարման լծակներն իր ձեռքն առնելու: Այսպիսով, ցանկացած ընդդիմադիր ձգտում է իշխանություն դառնալ, ցանկացած իշխանություն էլ կարող է ընդդիմության վերածվել:
 
Հենց ընտրություններն են այն գլխավոր դարպասները, որոնցով «ելումուտ» են անում քաղաքական ուժերը: Իհարկե՝ միշտ էլ ցանկալին այդ դարպասներից ներս մտնելն է, որն էլ իշխանություն դառնալու հնարավորություն է ընձեռում: Հայաստանի Հանրապետությունում այդ դարպասները շուտով նորից են բացվելու, որպեսզի ձևավորեն նոր՝ խորհրդարանական Հայաստանի Ազգային ժողովը և քաղաքական նոր իրավիճակ առաջացնեն: Ընդ որում՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ինը քաղաքական միավորներից միակը իշխող Հանրապետական կուսակցությունն է, որն իրեն ամենաերդվյալ ընդդիմություն չի ներկայացնում: 
 
«Ընտրապայքարին մասնակցող ո՞ր քաղաքական ուժն եք համարում իսկական ընդդիմություն» հարցով դիմեցինք մի քանի քաղաքացու և ստորեև ներկայացնում ենք նրանց պատասխանները:  
 
Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ուսուցչուհի
 
- Իսկական ընդդիմության մասին իմ պատկերացումը հայկական իրականությունից տարբերվում է։ Ես կարծում եմ` ընդդիմությունն իր ծրագրերով ու քայլերով պետք է իշխանություններից լավը լինի, նրան գերազանցի խելքով ու եռանդով։ Ցավոք, մենք իսկական ընդդիմություն չունենք, բայց այն կարծիքին չեմ, թե դա մեծ ողբերգություն է։ Օրինակ «Ծառուկյան» դաշինքին ժողովուրդը համակրում է ոչ թե նրա համար, որ այն ընդդիմադիր կամ իշխանամետ է, այլ նրա համար, որ Հայաստանամետ է։ 
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ. ԳԱԱ իրավագետ
 
- Իսկական ընդդիմությունը միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է, քանի որ հիմնովին տարբերվում է իր մոտեցումներով և իր շուրջը հավաքված մարդկանց աշխարհայացքով: 1991-1998թթ. նրա վարած քաղաքականությունն ու մոտեցումը լիովին տարբերվում են Քոչարյանի և Սարգսյանի մոտեցումներից: Լևոնը մինչև օրս գտնում է, որ Արցախի, Ջավախքի և Ցեղասպանության հարցերը կարևոր նշանակություն չունեն, և կարիք չկա միջազգային ատյաններում այն բարձրաձայնել ու առաջնային հարցերի շարքում դասել:  Երկրորդ և երրորդ նախագահներն այդ հարցում սկզբունքային են եղել և բոլոր հնարավոր դեպքերում այդ հարցերը բարձրացրել են: Այնպես որ առանձնացնում եմ երկու ուժ՝ սերժքոչարյանական և լևոնական: Այսօրվա քաղաքական ուժերից ՕՐՕ-ն, ԵԼՔ-ը, «Ծառուկյան» դաշինքը,  Դաշնակցությունը երկրի տնտեսության զարգացմամբ լրջագույնս մատահոգված չեն, հակառակ դեպքում կկենտրոնանային երկրի զարգացմանն ուղղված քայլերի վրա, քանի որ դրա՛ լծակներն ու պոտենցիալ հնարավորությունն ունեն: Սա ուղղակի աթոռի կռիվ է, մանդատ ձեռք բերելու սկզբունք, և դրանցից ով էլ անցնի, միևնույն է՝ ղեկավարելու են թաքնված հանրապետականները: Իրական «հերոսները» կուլիսների հետևում են, իսկ սրանք ուղղակի մարիոնետներ են: Իսկական ընդդիմադիր ուժը լևոնկաններն են, սակայն նրանք էլ ունեն ցավալի պատմություն, որը վստահություն չի ներշնչում:  
 
Արտավազդ ԵՍԱՅԱՆ. շինարար-ինժեներ
 
- Եթե Սեյրան Օհանյանի անկեղծությանը հավատայի` կասեի, որ նրա գլխավորած դաշինքն է իսկական ընդդիմությունը։ Ցավոք՝ նրա քայլերն ու ճառերը համոզիչ չեն։ Մտածում եմ՝ գուցե ԵԼՔ-ն է ամենալավ ընդդիմությունը. համենայնդեպս՝ իշխանություններին ամենակատաղին նա է քննադատում։ Մեզանում էլ, ինչպես հայտնի է, ընդդիմադիր լինելը որոշվում է ձայնի բարձրությամբ ու բառապաշարի գունագեղությամբ։ 
Արփի ԱՎԵՏԻՍՅԱՆ.  բուժքույր
 
- Իմ կարծիքով իսկական ընդդիմություը Դաշնակցությունն է, որովհետև միշտ գիտի, թե ինչ է ուզում և դեպի ուր է շարժվում։ Իր գործողություններում միշտ նույն սկզբունքներն է դնում, ու հենց որ այդ սկզբունքներից շեղվելու հրամայական է առաջանում և հարկավոր է լինում ընտրություն անել, նա սկզբունքն է ընտրում: Հետո էլ՝ հայրենասիրությունը թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության առաջին պայմանն է։