Խաղաղ բանակցություններ՝ կրակահերթերի տա՞կ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը, ինչպես միշտ, երկողմանի զոհերի առիթ է դարձել: Իսկ նրանք ահա 25 տարի գնում-գալիս են՝ առանց որևէ շոշափելի արդյունքի: Ավելի ճիշտ՝ ամեն անգամ արդյունքը Ադրբեջանի աշխուժացումն է լինում և աշխարհի քաղաքական խաղերից հեռու կանգնած երիտասարդների կորուստը, խաղաղ բնակչության տագնապն ու վիշտը: 
 
Ինչպես համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն են համատեղ հայտարարել, իրենց այս այցի  գլխավոր նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացքում հետագա քայլերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումը քննարկելն էր՝ ապրիլին Մոսկվայում նախարարների մակարդակով կայացած եռակողմ հանդիպումից հետո: Ինչպես նաև՝ հակամարտության գոտու ընդհանուր իրավիճակը վեր հանելը։ 
 
Բաքվում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ համանախագահները խորին մտահոգություն են հայտնել հրադադարի կարգի խախտումների առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ կոչ անելով խուսափել իրավիճակի հետագա լարումից:
 
Ամենաուշագրավը, սակայն, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի արտահայտած միտքն է եղել: 
 
- Քաղաքական երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ քննարկումներ ունեցանք ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում, որոնցից կարող ենք եզրակացնել, որ երկու պետությունների ղեկավարներն էլ հանդես են գալիս հօգուտ խաղաղ բանակցությունների շարունակման: 
 
Համենայնդեպս՝ այսպես է Պոպովի խոսքը փոխանցել ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: 
 
Եթե այսպիսի պատասխանատու կառույցի ղեկավարները չեն կարողանում խոսքը գործից տարբերել և Ադրբեջանի ղեկավարության գործողությունները մի կողմ թողներով՝ հիմք են ընդունում միայն նրանց հավաստիացումները, ապա սրան ի՞նչ կարելի է ակնկալել նրանցից: Անմեղսունա՞կ են (եթե հասուն տարիքի մարդն իր արաքի համար պատասխանատվություն չի զգում, նրա տեղը հոգեբուժարանն է), չե՞ն ուզում ցույց տալ, որ գիտեն՝ ինչ է կատարվում (հասարակ մարդիկ այսպիսի դեպքերում սովորաբար ասում են՝ իրենց հիմարի տեղ են դնում)…
 
Ամբողջ աշխարհում միջազգային կառույցներն ու հզոր պետությունները ահաբեկիչներ են փնտրում, արդեն քանի տարի՝ ահաբեկչության դեմ համատարած պայքար են հայտարարել, իսկ իրենք ահաբեկիչ երկրի մայրաքաղաքում հայտարարում են, թե նրանց ցանկացածը խաղաղութունն է: 
 
Իրենց հայտարարության մեջ ահա թե ինչ են նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները.
 
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ խուսափել ապագա էսկալացիայից: Համանխագահները նույն ուղերձն են հղել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Նրանք կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել, որոնք կուղղվեն շփման գծում ու Ադրբեջան-Հայաստան սահմանին լարվածության թուլացման ուղղությամբ: 
 
ՄԽ համանախագահները նորից բանակցությունները վերսկսելու,  քաղաքական երկխոսության կոչեր են հնչեցնում: Ավելին, առաջարկում են հակամարտության վիճելի հարցերի շուրջ փոխզիջումային լուծում գտնել:
 
Էլ զարմանալու ի՞նչ կա. սեփական աչքի տեսածը չընկալելն ու վայրագի կեղծ խոսքերն ուրիշների ականջներին կախելն էլ մի ուրիշ հիվանդություն է, որով տառապողները միայն թեժացնում են ռազմատենչ նկրտումները: 
 
Համանախագահները հուլիսի 3-ին մեկնելու են Վիեննա՝ իրավիճակի մասին Մինսկի խմբի անդամներին տեղեկացնելու: Թե իրենց չընկալածը ինչպես են ներկայացնելու՝ դժվար չէ պատկերացնել: