Հեռացում ու անվստահություն` «դավաճաններին»

ՇՈՈՒՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունում խմորումները շարունակվում են: «Դավաճաններ» որակումը ստացած ԵԾ-ի անդամներ Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանը, որոշ փակագծեր են բացել: Նախ տեղեկացրել են, որ դուրս են գալիս ԵԾ-ի ավագանու  խմբակցությունից: Հիմնական տարաձայնությունները կուսակցության գործելաոճով են պայմանավորված: 
 
ԵԾ-ի արդեն նախկին դարձած անդամները վստահ են, որ կաշխատեն որպես ավագանու անդամներ՝ հանուն երևանցու շահի, թեև երկու հոգով են: 
 
Ի՞նչն էր պատճառը, որ Զարուհի Փոստանջյանը նրանց հորդորեց վայր դնել մանդատները, մեղադրեց երևանցու շահերը դավաճանելու համար: Հայկ Պետրոսյանը, ով կուսակցական չէ, բայց ԵԾ-ից ավագանու անդամ է, ասաց.
 
- Կար ոճային տարբերություն: Մենք ուզում էինք հարցերին մոտենալ սառնասրտորեն, հետևողական, մեր առաջնային ծրագիրը պետք է լիներ Երևանի ծրագրի խնդիրների իրականացումը: Իսկ մեր մնացած գործընկերները կողմնակից էին էմոցիոնալ երանգներ հաղորդել ամեն մի հարցին, որը մեր կարծիքով արդյունավետ չէ: Իմիտացիա ես անում, թե իբր ինչ-որ աշխատանք է տեղի ունենում, բայց վերջում արդյունք չկա, ու բնակչությունը հիասթափվում է: 
 
Պարակշիևն էլ  լրացրեց գործընկերոջը, թե քաղաքապետարանի աշխատանքը չէր կարելի դարձնել թատրոն: 
 
Որքանո՞վ է ճիշտ, որ ԵԾ-ի անդամները  վայր չեն դնում իրենց մանդատները, որոնք ստացել են թիմային աշխատանքի` ընտրություններին ԵԾ-ի կազմով մասնակցելուց հետո: 
 
- Քվեարկությունը ռեյտինգային չէր, դժվար է ասել՝ որ գործելաոճն էր արդյունավետ: Ես չեմ պատրաստվում իմ ստացած ձայները դավաճանել, մանդատը տալ մի ուրիշ մարդու, որը կուսակցությունը կորոշի,- ասաց Հայկ Պետրոսյանը:
 
Մնացական Պարակշիևը 2013-ից «Ժառանգության» անդամ է եղել, շատ լավ ճանաչել է Զարուհի Փոստանջյանին: Նրա համար նորությո՞ւն էր, որ Փոստանջյանը էմոցիոնալ անձնավորություն է: Հիմա նա ասում է.
 
- Ես Զարուհուն գիտեմ շատ ավելի վաղ, ոչ 2013-ից: Ամենասկզբից, երբ նա ինձ հրավիրեց կուսակցություն, ես իմ դիրքորոշումն ասել եմ, իմ մոտեցումները, դա նորություն չէր: Ես համարել եմ, որ նորմալ է, երբ կուսակցության ներսում լինեն տարաձայնություններ, տարբեր կարծիքներ, ներկուսակցական դեմոկրատիան էլ է կարևոր: 
 
- Կհամագործակցե՞ն ՀՀԿ-ի և  Երևանի քաղաքապետի հետ, ում ԵԾ-ն համարում է թալանչի: - Հարցին այսպես պատասխանեց  Հայկ Պետրոսյանը.
 
- Եթե ես վաղը օրինագիծ առաջ տանեմ, որով կկրճատեմ Տարոն Մարգարյանի տեղակալներից 3-ին, եթե ես մեղադրանք առաջ քաշեմ, որ առաջին կարգի մասնագետին աշխատանքից ազատեն, այս կամ այն վարչության պետին ազատեն՝ իրենց աշխատանքը ոչ պատշաճ կատարելու համար, եթե ՀՀԿ-ն որոշի կողմ քվեարկել դրան, ե՛ս չեմ իրենց հետ համագործակցում, ես ձեզ վստահեցնում եմ՝ իրենք են ինձ հետ համագործակցում. կապ չունի քանակային հարցը: Եթե իրենք առաջ քաշեն այդ հարցերը, ես, այո, կողմ կլինեմ, որ չաշխատող վարչության պետն աշխատանքից ազատվի, որ քաղաքապետարանի կաշառակեր աշխատողը գնա բանտում նստի, կողմ կքվեարկեմ: Եթե դրանից հետո ինչ-որ մեկը ինձ ասի, որ ես ՀՀԿ-ի հետ համագործակցում եմ, ես վեր կկենամ ու կասեմ՝ այո, համագործակցում եմ, որովհետև կաշառակերին նստեցնում եմ բանտ: 
 
 Ի դեպ. Զարուհի Փոստանջյանի կուսակցությունն ավելի ուշ հայտարարություն տարածեց ԵԾ-ի անդամ Մնացական Պարակշիևին  կուսակցությունից հեռացնելու մասին: