Սպառազինումի մարաթո՞ն

ԵՐԿՐՈՐԴ ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հայաստանն ու հայերին իրենց թշնամի համարող Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սիրախաղով տարված Իսրայելը հանկարծ «հիշել» է հայերի և հրեաների ընդհանուր ճակատագրի, Իսրայելում հայկական համայնքին արտոնություն տալու, հայերին առանձնահատուկ ընդունելու մասին: Առանձնապես խորաթափանց պետք չէ լինել՝ հասկանալու Իսրայելի  ջերմացումը մեր հանդեպ: Ամենայն հավանականությամբ՝ Իրան-Հայաստան տնտեսական, քաղաքական հարաբերությունների խորացումն է Իսրայելի հայացքը դեպի Հայաստան հառել: Թել Ավիվը չէր կարող ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե իր ամենամեծ թշնամին՝ Իրանը, ինչպե՞ս է փորձում  տարածաշրջանում մեծացնել իր ազդեցությունը: 
 
Որպես պատերազմող երկրի համար գայթակղիչ առաջարկ՝ Իսրայելը Հայաստանին առաջարկում է զենք գնել իրենից: Ավելին՝ Իսրայելի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը  վերջերս հայտարարել է.
 
- Ժամանակին Հայաստանին առաջարկվել է գնել իսրայելական որոշ սպառազինություն։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել էր, որ այն թանկ է և ձեռնտու չէ։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի կողմում է։ Խնդրեմ, մենք միշտ բաց ենք, եթե դուք որևէ բան եք ցանկանում, հարցը միշտ կարող է քննարկվել:
 
Կասկածի տակ չդնելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը՝ իսրայելական զենքի թանկ լինելու մասին, չենք կարող բացառել, որ բացի թանկ լինելուց՝ մեր դաշնակից Մոսկվայի արգելքն էլ կա: Մյուս կողմից, սակայն, նախկին պատգամավորը զինավաճառության մարմաջով չի զիջել Մոսկվայի փոխվարչապետ Ռոգոզինին: Վերջինս ապրիլյան պատերազմից հետո  նույնիսկ պնդել էր, որ Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառել: Իսկ հրեա քաղաքական գործիչ Ցինկերը, ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է  Թել Ավիվը Բաքվին զենք վաճառում, ասել է.
 
- Ձեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարծում եմ, Ադրբեջանին ավելի շատ սպառազինություն է մատակարարում: 
 
Այսինքն՝ եթե անգամ Հայաստանը զենք գնի Իսրայելից, Ադրբեջանին զենք մատարակարարելու գործընթացը շարունակվելու է: Ու դրա անունը սպառազինումի բիզնես է:
 
Հոլոքոստ տեսած պետությունը, կարծես, մեր Այսրկովկասում փորձում է երկրորդ Ռուսաստան դառնալ՝ զինելով տարածաշրջանում անկայունություն սերմանող Ադրբեջանին: Չնայած՝ Թել Ավիվը Մոսկվայի նման չի թմբկահարում, թե Հայաստանի ռազմավարական գործընկերն է:
 
Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ կշահի Հայաստանը Իսրայելի հետ համագործակցությունից, կամ Իսրայելն ինչի՞ց կհրաժարվի՝ հանուն Հայաստանի հետ դաշնակցության: Այս հարցերի պատասխանը Թել Ավիվը առայժմ չունի: Միգուցե  հրեական պետությունը և՞ս փորձում է ոչինչ չտալով, չզիջելով՝ առավելագույնը կորզել Հայաստանից: