Թավշյա հեղափոխություն՝ ալիքների վրա մնալու համար

ԳՆԴԱԿԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է

Ընդվզման  պատրաստ ու հեղափոխական ոգով տոգորված զանգված Հայաստանում կարելի է գտնել՝ քանի դեռ երկրիրը չի թոթափել սոցիալ-տնտեսական դժվարությունները: Բայց ո՞վ է համախմբելու և ինչպե՞ս առաջնորդելու այդ զանգվածին, երբ ժողովուրդն այլևս ոչ մեկին չի հավատում: Մինչդեռ իրենց  ընդդիմություն հռչակող ուժերը իշխանափոխության հույսը չեն կորցնում: Իսկ նրանց պահանջած իշխանափոխությունը սոսկ  իշխանության գալու մարմաջ չէ՞ արդյոք:  
 
- Առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է մեզ պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության, - հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը՝ նախորդ շաբաթ իր համագումարում ընդունած հռչակագրում:
 
Ընդ որում, ինչպես հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, իշխանափոխության նպատակն է թույլ չտալ Սերժ Սարգսյանին՝ նշանակվել վարչապետի պաշտոնում: Հանուն այս նպատակի՝ «Ժառանգությունն» առաջիկա ամիսներին բանակցելու է այլ ուժերի հետ՝ լայն կոնսոլիդացիա՝ ընդդիմադիր մեծ ճակատ ձևավորելու շուրջ:  Իսկ կոնսոլիդացիան «Ժառանգությունը» պատկերացնում է իր շուրջ: 
 
Թե ինչի վրա է Րաֆֆի Հովհաննիսյանի հույսը՝ անհասկանալի է, քանզի մինչ համագումարն էր նա խոսել ընդդիմության միավորվելու մասին, ու ստացել մեղմ ասած, բացասական արձագանք: Ավելին՝ սեփական անձի ու կուսակցության շուրջ համախմբելը համագործակցություն չէ: 
 
Մյուս կողմից, կուսակցության ղեկավարը պետք է հիշի ԱԺ-ի այս ընտրությունների արդյունքները: Որքան էլ  ՀՀԿ-ն վարչական ու ֆինանսական ռեսուրս կիրառեր, միևնույն է՝ քաղաքացին ազատ էր քվեախցիկում: Եվ այդ նույն «Ժառանգությունը», ՕՐՕ դաշինքի մյուս անդամների հետ, ստացավ մոտ 2 տոկոս ձայն: Այսինքն՝ մերժվեց հանրության կողմից: Հետևաբար, Սերժ Սարգսյանի անձը դարձնել իշխանափոխության առանցք, և մարդկանց հրահրել դուրս գալ փողոց՝ ցանկալին իրականության հետ շփոթելու չափ անիրական է: 
 
Տպավորությունն այն է, որ իր արժանավոր շատ անդամներից զրկված «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը (գուցե նաև մյուս գործիչները՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, ովքեր ևս ներկա էին համագումարին) քաղաքականության ալիքների վրա մնալու, իրենց անձը չմոռացնելու միջոց են որոնում:
 
Հստակ չէ նաև իշխանափոխությանը հասնելու մեխանիզմները: Եթե ընդդիմադիր «Ժառանգությունը» համակարգային  փոփոխություն է ցանկանում, ձգտում է երկիրն ազատել այս կուսակցապետությունից, ապա ի՞նչ տարբերություն, թե 2018-ին ով կլինի վարչապետ՝ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Ի վերջո, երկուսն էլ իշխող կուսակցության առանցքային դեմքեր են: Բացի այդ՝ պատերազմող երկրի համար այս պահին կարևորը տնտեսական խնդիրները լուծելն է ու մարտահրավերները դիմագրավելը:  
 
Չմոռանանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թավշյա հեղափոխությունը ոչ միայն ծեծված ու անգամ այսօր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի կողմից հումորի արժանացած, այլև դեժավյու հիշեցնող «մարտակոչ» է:  
Րաֆֆիից առաջ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում էր ասել նույն բանը՝ մի փոքր այլ ձևակերպմամբ՝ գնդակը հանրության դաշտում է: