Քաղբանտարկյալի տիտղոսին է՞լ է ձգտելու

ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹ

Հուլիսյան դեպքերը մի շարք քաղաքական ու մտավորական գործիչների  համար ինքնադրսևորվելու լավ առիթ դարձան: Բանը հասել էր այնտեղ, որ ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերի անդամներն էին հոդորել՝ իրենց հաշվին դիվիդենտներ չհավաքել: Չնայած այս կոչերին, նորաթուխ քաղաքական գործիչ, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀԿ-ական, հետագայում ՀՀԿ-ին թունդ ընդդիմադիր, իսկ 2017 թ. ԱԺ-ի ընտրություններից առաջ Հանրապեականին  սատարելու մասին հայտարարած  Անի Զախարյանը  գայթակղությունից  զերծ չմնաց: 
 
Հիշեցնենք, որ Անի Զախարյանը հանրությանը հայտնի դարձավ 25 տարին լրանալուց հետո  կուսությունը չպահելու հայտարարությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա մեղադրվում է Խորենացի փողոցում 2016-ի հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու  համար: 
 
Անի Զախարյանն այսօր դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման: Իհարկե, նա պատիժը չի կրի կալանավայրում: Դրա փոխարեն սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Ենթադրությունները ճշմարտություն չհամարենք, բայց գուցե ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին  բարձրաձայնելը հենց հեռահար այս նպատակին էր ուղղված: Եվ չի բացառվում, որ նրա այդ ծրագիրը գործեց, այլապես այսքան մեղմ չէր լինի պատժը, քանզի նրան 4 տարվա ազատազրկում էր սպասվում: 
 
Նորաթուխ քաղաքական գործիչը այդ մեղադրանքը չի ընդունում և արդեն հայտարարել է, որ դիմելու է Վերաքննիչ դատարան, և եթե բողոքը չբավարարվի, դիմելու է Վճռաբեկ դատարան: Իսկ  եթե այստեղ էլ հաջողության չհասնի՝ դիմելու  է ՄԻԵԴ:  
 
Դեռ կհասցնենք տեղեկանալ, թե ինչի կհասնի մարտնչող քաղաքական գործիչը հատկապես ՄԻԵԴ-ում, որտեղ մեկը մյուսի ետևից ընդդեմ Հայաստանի վճիռներ են կայացնում: Ավելին, տպավորություն կա, որ շատ ամբաստանյալներ ու դատապարտվածներ երազում են, որ հայաստանյան երեք ատյաններում իրենց օգտին վճիռ չկայացվի՝ վստահ, որ Մարդու իրավունքներ եվրոդատարանը մեր պետության հաշվին առատորեն կփոխհատուցի իրենց: 
 
Անի Զախարյանի հետ պատահածը, սակայն, լավագույն հուշում կարող է լինել քաղաքական այն գործիչների համար, ովքեր «փիառվելու» հարթակ են փնտրում՝ անօրինական ու հակապետական կոչեր հնչեցնելով: 
 
Զախարյանի հնարամիտ հեռատեսությունը գնահատելով հանդերձ՝ դժվար է չզարմանալ, որ դեռևս նա իրեն չի մեծարում «քաղբանտարկյալ» «տիտղոսով»: Երևի դա հուշող համակիրներ չունի: