Ո՞ր գործարարների գազալցակայաններն են ստուգվելու

ԴԱ ԱՐՍԵՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԷՐ

ԱԺ-ում այսօր լսվում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի՝ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Նախարարն իր խոսքում ասաց, որ Երևանում և հանրապետության մյուս խոշոր քաղաքներում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում:
Առաջնահերթն, իհարկե, սահմանամերձ գոտիներում անվտանգ սենյակների և շինությունների կառուցումն է: 
 
- Ամբողջ ֆինանսական ներդրումները գնալու են այդ ուղղությամբ: Խորհրդային միությունում ստեղծվածների կողքին ենթակառուցվածքներ ենք կառուցում,- ասաց   Տոնոյանը:
 
Հաշվետվությունից հետո լրագրողները մի քանի  հարց ուղղեցին Դավիթ Տոնոյանին: 
 
Լրատվամիջոոցներից մեկն այսօր հրապարակել է բանակում ծառայած, չծառայած, տարկերտման իրավունքով պաշտոնյաների որդիների անունները: Եվ պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանին հարցրին, թե ինչպե՞ս է, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները բանակում չեն ծառայում: Պարզվում է` այդ հարցը, ըստ Տոնոյանի, ճշգրտումների կարիք ունի:
 
Կարո՞ղ է գործադիր մարմնի անդամը տալ մեկ պաշտոնյայի անուն, ում որդին ծառայել է առաջնագծում: Դավիթ Տոնոյանը հիշեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդիներին: 
 
Լրագրողները  հետաքրքրվեցին նաև խոշոր գործարարներին պատկանող գազալցակայաններում ԱԻՆ-ի կողմից իրականացվող ստուգումներով: Գազալցակայանների ստուգումը երեք ուղղությամբ է ընթանալու: Վերահսկվելու է լիցքավորման ճնշումը, ստուգվելու են գազի բալոնների որակական հատկանիշները և առանձնակի պարտադիր օբյեկտներում ապահովագրություն է իրականացվելու: 
 
- Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի, Մհեր Սեդրակյանի բոլոր օբյեկտնե՞րն էլ են ստուգվելու: 
 
- Բոլորն էլ ստուգվելու են,- հավաստիացրեց գործադիր մարմնի անդամը:
 
Իսկ հնարավո՞ր է ոստիկանության և ԱԻ նախարարության միաձուլմամբ սուպեր նախարարության ստեղծվի:
 
Այս հարցին Դավիթ Տոնոյանն ասաց, որ  կա միջազգային այդպիսի օրինակ, երբ այդ երկու կառույցները համատեղ են գործում, բայց ոստիկանությունը չի գործում  այնպես, ինչպես ԽՍՀՄ տարիներին: 
 
- Կարո՞ղ է այդպես աշխատել ՀՀ ոստիկանությունը ՀՀ-ում՝ չեմ կարող ասել: Հիմա այդ հարցը չի քննարկվում: Կարծում եմ` այս պահին չկա անհրաժեշտություն` այդ երկու կառույցները միավորելու: 
 
Նախարարը հերքեց այն խոսակցությունները, թե ինքն ազատվում է նախկին նախարար Արմեն Երիցյանի կադրերից:  Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այս տարվա հունվարին ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից Արսեն Արշակյանին ազատելը: Նա, ի դեպ, հիմա  ԱՄՆ-ում է: Հարցը կարծես նյարդայնացրեց  Դավիթ Տոնոյանին. 
 
-Ինչո՞ւ եք անընդհատ այդ անձի անունը տալիս: 
 
- Որովհետև նա սրընթաց կարիերա էր անում, դուք եկաք և ազատեցիք նրան,- հակադարձեցին լրագրողները:
 
- Նա իրականում լավ էր ծառայում և տեղափոխվել է այլ ծառայության: Դա իր որոշումն էր, ոչ թե: Մենք ընկերներ ենք,- ասաց Տոնոյանը: