«Եհովայի վկաների» վարչական մարմինը կտեղափոխվի Երևան

ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԿԱ

Ռուսաստանում  «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ծայրահեղական որակեցին և արգելեցին դրա գործունեությունը:  Կարծիքներ եղան, որ Հայաստանը ևս պետք է հետևի ՌԴ օրինակին, զի այստեղ ևս նրանց գոյությունն ընդհուպ մինչև ազգային անվտանգության սպառնալիքով է հղի: Բայց արի ու տես, որ այդ թեմայով բոլոր հորդորներն ու պահանջները մնացին որպես ձայն բարբառո հանապատի: Հետագայի մասին կանխատեսումները ևս, ամենամեղմ ձևակերպմամբ՝ կարծես մեր օգտին չեն:  
 
Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ, «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այսօր նոր ահազանգ է հնչեցրել՝ չի բացառվում, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության  վարչական մարմինը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվի Հայաստան, քանի որ այդ կառույցի գործունեությունն արգելվել է մեր դաշնակցի երկրում: 
 
Ամարյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ առաջիկա մեկ-երկու ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաների» կոնգրեսը:
 
- Բոլոր տեղերում նրանց այնպես չեն ընդունում, ինչպես մեզ մոտ: Հայաստանում իրենք իրենց զգում են ազատ, անկաշկանդ, անում են այն, ինչ ուզում են՝ արդեն խախտելով խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքը,- ընդգծեց Ալ. Ամարյանը:
 
Հայաստանում կրոնական կազմակերպություններին արգելված է հանրային վայրերում քարոզչությամբ զբաղվել, բայց Երևանի շատ վայրերում տեսնում ենք գրքեր, որոնք անվճար քաղաքացիներին են տալիս «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները: Նրանք պատահական անցորդներին հրավիրում են զրույցի, համոզում կարդալ իրենց գրքերը...
Ամարյանի տեղեկացմամբ՝ նրանք հիմնականում քարոզչություն են իրականացնում Կոմիտասի, Արշակունյաց, Տիգրան Մեծի փողոցներում, Օպերայի հրապարակում: Հավելենք՝ մշտական քարոզչակետ ունեն նաև Ավան-Առինջի կենտրոնական փողոցին հարող մայթի վրա:
 
Հայաստանում կրոնական կազմակերպությունների վերահսկողության համար Կառավարությանը կից գործում է Կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ՊՈԱԿ-ը, որի կազմում 4-5 հոգի է աշխատում: Ամարյանը համոզված է, որ այդ 4-5-ը չեն կարող հսկել մոտ 65 գրանցված և 200-ից ավելի չգրանցված կրոնական կազմակերպությունների գործունեությունը: 
 
Հարցի լուծումը մեկն է՝ պետությունը պետք է ընդունի նոր օրենքը կրոնական կառույցների մասին, քանի որ գործող օրենքով հսկողություն սահմանված չէ: 
 
Հիշեցնենք՝ Հայաստանում գրանցված կրոնական կառույցներից 14-ը ավանդական եկեղեցիներն են, մնացած 51-ն աղանդավորական կառույցներ են: 200-250 հազար մարդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, անդամակցում է քայքայիչ աղանդների, 100 հազարը՝ ավանդական եկեղեցիներին: Այս թվերը, սակայն, հոգևորականներն այդքան էլ ստույգ չեն համարում: