Նրանք «Սասնա ծռեր» չեն, այլ՝ ՊՊ ծռեր

ՈՎ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՎԱՏԱ, ՈՒՐԵՄՆ ԻՐԱՆԻՑ ՎԱՏՆ Ա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն արդեն մի քանի օր է՝ լրագրողների ուշադրության կենտրոնում է: Եթե  երեկ Սարոյանին լրագրողները նեղն էին գցել, թե ինչո՞ւ նրա որդիները չեն ծառայել բանակում, ապա այսօր հարցերը բազմազան էին՝ «Սասնա ծռերից» մինչև 2018 թ. վարչապետի թեկնածու: 
 
- Ինչպե՞ս է լինում, որ պաշտոնյաները հարստանում են՝ գողանալով պետբյուջեի  միջոցները:
 
-Բիզնես են անում, հարստանում են,- իր գործընկերներին արդարացրեց գեներալը: 
 
- 2018-ին ո՞վ կլինի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը:
 
Իրեն բնորոշ կոլորիտով ՀՀԿ-ականն ասաց. 
 
- Այ ցավդ տանեմ, ըտենց հարցերը իրենք մեզնից լավ են որոշում, միթոմ իմ կարծիքն ո՞վ հաշվի առավ: Վերևի խաղերը, որ կա, մենք ստեղ խաբար չենք: 
 
- ՊՊԾ գունդը  գրաված «Սասնա ծռերի» անդամներին խոշտանգել են, բռնության ենթարկել: Հետևո՞ւմ է այս գործընթացին իշխող կուսակցության անդամը: 
 
Պարզվեց՝ օրենսդիր մարմնի անդամը չի էլ հետևում դատական գործընթացին, չի էլ լսել, թե ինչի մասին է խոսքը: Ավելին՝ Սասնա ծռերին նա համարում է ՊՊ ծռեր: 
 
- Դու ընդե՞ղ ես եղել, ո՞վ ա ասել: Մարդ են, կարողա տփել են իրար: Ոստիկանները ինչի  համար են, հո՞ կրթության նախարարությունից չեն: Միլիցից ո՞վ ա լավ բան տեսել, դու էլ նենց բաներ ես հարցնում,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը հարց տվող լրագրողին: 
Սահմանային լարվածության հարցերը գեներալի սիրելի թեմաներից են:
 
- Ադրբեջանն  օգտագործել է TR-107 տիպի նոր տեխնիկա:
 
Սեյրան Սարոյանը հումորով է վերաբերվում այդ ամենին. 
 
- Ուզում էին ցույց տալ, որ թազա զենք ունեն, իրենք ուժեղ են, իրենք իրենց դուխ են տալիս: Թուրքին հավատալ պետք չէ։ Ես մի բան գիտեմ ու միշտ ասել եմ՝ ով թուրքին հավատա, ուրեմն իրանից վատն ա: Թուրքը մնում ա թուրք, մեր բախտը չի բերել, որ մենք լավ հարևաններ չունենք: 
 
Ի դեպ. Սեյրան Սարոյանը երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել է լուծել որոշ գյուղերի ոռոգման հարցը, վարչապետն էլ Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարարել է լուծում գտնել: