Հիմա ՀՀ-ում սեքս կա՞

ԴԻՄԵՔ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՆ

Ազգային ժողովում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության հաշվետվության քննարկմանն իր ելույթի ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ վերջին օրերին խորհրդարանում տարօրինակ հայտարարություններ են հնչում.
 
- Ջերմային ֆոնի բարձր պռեսինգի՞ց է,- ենթադրեց օրենսդիր մարմնի անդամը:
 
Ն. Զոհրաբյանի համար անհասկանալի էր ՀՀ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանի հայտարարությունը:Դատախազը պնդում է, թե դատախազությունում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են: 
 
- Ի դեմս 330 դատախազների՝ ունենք սրբադասության հավակնորդներ, և ի՞նչ է մնում՝ դիմել Մայր աթոռ՝ 330 դատախազներին սրբակարգելու համար,- ասաց օրենսդիր մարմնի անդամը : 
 
Խոսելով  ԿԸՀ հաշվետվության մասին՝ պատգամավորը հարց ուղղեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանին.
 
- Պարոն Մուկուչյան, ո՞ւմ հայտնի չէ, որ մեր երկրում կա տոտալ անվստահություն ընտրությունների նկատմամբ: Ո՞ւմ հայտնի չէ, որ ընտրական գործընթացում իշխանություններն օգտագործել և օգտագործում են վարչական ռեսուրս: Ինչպե՞ս է լինում, որ բոլոր ՔԿՀ-ներում, հոգեբուժարաններում այդ «կոնտինգենտը» իշխանությանն է ընտրում: 
 
Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ  վարկանիշային ընտրակարգին՝ առաջարկելով փոխել այդ ընտրակարգը:   
 
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ևս մտահոգում էր ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործումը. Մասնավորապես՝ կրթական օջախների ղեկավարին, աշակերտներին  ընտրական գործընթացներում օգտագործելը: 
 
- Դպրոցի տնօրենն ի՞նչ կարող է անել, աշակերտի ծնողին կարո՞ղ է ցուցակում ներառել և դա անել աշխատանքի ժամին: Ո՞րն է վարչական ռեսուրսի չարաշահումը, ձեր ասած վարչական ռեսուրսի չարաշահումը կատվի է նման, ոնց գցում ես՝ ոտքերի վրա է կանգնում,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Ընդդիմադիրը հանկարծ հիշեց, որ սովետական տարիներին պաշտոնապես հայտարարվել էր, թե Սովետական Միությունում սեքս չկա և դիմեց այլաբանության ժանրին.
 
- Դուք ի վերջո կարա՞ք ասեք՝ ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա… Նկատի ունեմ ընտրակաշառքը և վարչական ռեսուսրի չարաշահումը, եթե ասեք չկա, մենք ի գիտություն կընդունենք: 
 
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե բնականաբար կան երևույթներ, որոնք սահմանված  կարգով կարող են չարաշահում  համարվել, բայց հանձնաժողովին ներկայացված թղթերում, որոնք գտնվել են անհայտ աղբյուրից, կամ աղբարկղից, հիմք չկա չարաշահում արել: Հետո էլ հավաստիացրեց, որ պատգամավորի վկայակոչած հարցերի պատասխաններն իրենց գնահատականներն ստացել են ընտրությունների արդյունքների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշման մեջ: