«Ամուսնալուծության» վտանգին ընդառաջ

ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԼԻՆԻ՝ ՔԱՆԻ ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ ԿԱ

Սովորաբար ավանդական  ու ճանապարհ անցած կուսակցությունները ձգտում են ընտրություններով իշխանության  գալ: Բայց Հայաստանի քաղաքական դաշտում  ձգտումները փոքր-ինչ փոխվել են: Հիմա ցանկանում են իշխող կուսակցության  հետ կոալիցիա կազմելով իշխանական գահավորակներին բազմել:  Այսօր այդ դերում է ՀՅ դաշնակցությունը, որը կարծես թե մտավախություն ունի, որ 2018-ին կարող է ՀՀԿ կողքին այլ ֆավորիտ հայտնվել: 
 
Ըստ շրջանառվող տեղեկությունների, ընտրություններում Հանրապետականից հետո ամենաշատ քվեն ստացած «Ծառուկյան» դաշինքը ևս ցանկություն ունի ՀՀԿ հետ կոալիցիա կազմել: Հաջողելու դեպքում հնարավոր է, որ այն դուրս կմղի «հին ընկերներին», կամ, լավագույն դեպքում, ՀՅԴ-ն կդառնա փոքրամասնության ցածր ձայն (նկատի ունենք խորհրդարանում նրա փոքրաթիվ լինելը): 
 
Բայց նման սցենար հնարավոր է մի դեպքում՝ եթե վարչապետ Կարեն Կարապետյանին փոխարինի Սերժ Սարգսյանը, և Գագիկ Ծառուկյանը հավակնի փոխվարչապետի պաշտոնին:  
 
Թեև «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները միաբերան պնդում են, թե նման հարց դեռ չի քննարկվել դաշինքում, բայց  չեն էլ բացառում ոչ մի բան: 
Այս լուրերն, ըստ երևույթին, տագնապեցրել են դաշնակցականներին: Ու ահա ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը որոշել է կիսաբերան անկեղծանալ, թե ընտրություններում իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն նույնպես ընտրակաշառք է բաժանել: Ուշադիր լինենք՝ չի ասել ՀՀԿ որոշ թեկնածուներ, այլ՝ ՀՀԿ-ն: Հետո էլ փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, թե միայն մեկ ուժ չէ, որ այդ քայլին է գնացել: 
 
- Չէ, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքներն ուղղել. ես երևույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության և ընդդիմության մեջ չէ: Իհարկե, ավելի մեծ հնարավորություններ այդ ռեսուրսն օգտագործելու ունեն իշխանությունները, բայց դա չի արդարացնում այն մարդկանց, ովքեր կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց:
 
Արմեն Ռուստամյանը, որպես  փորձված և քաղաքական  գործընթացներում թրծված  քաղաքական  գործիչ, հազիվ թե հենց այնպես այդպիսի բան ասեր: Միաժամանակ, նա կարծես թե չի ուզում մտաբերել, որ ձայն գնելու արատավոր ու գայթակղիչ ցեխակույտում, ըստ լավատեղյակ որոշ պնդողների, թաթախվել է նաև ՀՅԴ-ն: Հետո՞ ինչ, որ այդ թեմայով խոսակցություններում ՀՀԿ անունն ավելի հաճախ էր հնչում:
 
Հավանաբար, զգալով մոտալուտ ամուսնալուծության   վտանգը՝  կոալիցիոն գործընկեր դաշնակցությունը որոշել են կիսատ ատամ ցույց տալ ՀՀԿ-ին: Իհարկե, ինչպես միշտ, «հին ընկերը» կաշառասիրության մեղքը բարդում ամենանվտանգ  օբյեկտի՝ ժողովրդի վրա՝ «բայց դա չի արդարացնում այն մարդկանց, ովքեր կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց»: 
Իսկ ովքե՞ր են կաշառք ստանալու ակնկալիքը սերմանել, ովքե՞ր են ընտրությունները փող աշխատելու միջոց դարձրել...
 
Ընկերվարական կուսակցության ներկայացուցիչը նաև մոռանում է, որ ընտրակաշառքի պահանջարկը հանրության սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետևանք է: Իսկ այդ վիճակի պատասխանատուն իշխանությունն է, որին երկար տարիներ մաս է կազմում նաև ՀՅԴ-ն: Ու քանի դեռ քաղաքական ուժերը միայն կերակրատաշտին մոտ կանգնելու մասին են մտածում, ընտրակաշառքի պահանջարկ-առաջարկ միշտ կլինի: Պարզապես կաշառքի գները կբարձրանան, որովհետև առաջարկողներն ավելի շահագրգիռ են, իսկ ընտրողները վերջին ընտրություններում արդեն ասում էր, որ իրենք ոչ թե ընտրակաշառք են վերցնում, այլ՝ իրենցից կորզված գումարների մի չնչին մասը: