Ձայն մը հնչեց Անկարայեն

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԶՐՈՅԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՓՈ՞ՐՁ

«Զրո խնդիր հարևանների հետ» Թուրքիայի ռազմավարությունն այդպես էլ թղթի վրա մնաց՝  Անկարայի ապակառուցողական քաղաքականության պատճառով: Զրո խնդրի փոխարեն Անկարան այսօր   մինչև կոկորդն այնպես է թաղվել բազում խնդիրների մեջ, որ անգամ եղբայր Ադրբեջանի համար ժամանակ չունի: Էրդողանի սահմանադրական բարեփոխումներից հետո ԵՄ-ն ևս վերջնականապես հույսը կտրեց Անկարայից: 
 
Ու ահա, հավանաբար հասկանալով, որ մոտ ապագայում մեկուսացման վտանգի առաջ են կանգնելու, Թուրքիո իշխանությունը հիշել է Հայաստանի մասին: Արդարություն և Զարգացում իշխող կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանական Ռավզա Քավաքչի Քանը հայտարարել է.
 
- Մենք երկար պատմություն ունենք Հայաստանի հետ և ինչպես բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ, մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ զարգացնել,- ասել է Քանը: 
 
Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորվի, նրա բնորոշմամբ՝ երկու երկրների հարաբերությունների առավել ակնհայտ խնդիրը՝ Հայոց ցեղասպանության հարցը, որն իր երկրի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Քանը ևս չի ճանաչում:
 
Իշխող կուսակցության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե ինչպես պետք է կարգավորվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, եթե հենց իր երկիրը ճիշտ չգնահատեց պահը: Այն ժամանակ, երբ գնդակը Անկարայի դաշտում էր՝ երբ բանակցային սեղանին էին հայ-թուրքական արձանագրությունները, արհեստական նախապայմաններ առաջ քաշելու պատճառով Հայաստանը գրողի ծոցն ուղարկեց այդ արձանագրությունները: 
Թուրքիայում և Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին ուշագրավ հայտարարություն է արել. 
 
- Երբ ես դեսպան էի Թուրքիայում, Միացյալ Նահանգները շատ սերտ ներգրավված էր՝ Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնելու և բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները: 
 
Վաշինգտոնի ներկայացուցչի այս հայտարարությունը շատ հարցեր հստակեցնում է: Երևանը մշտապես փաստել է Անկարայի նախապայմանների լեզվով խոսելը, Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելը: Սակայն, պարզվում է, որ Թուրքիան միայնակ չի գործել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեռելածին դարձնելու համար: Նրան սատարել  է Վաշինգտոնը: 
 
Մյուս կողմից, սակայն, ԱՄՆ-ի այս վարքագիծը կարելի է հասկանալ: Տարածաշրջանում իր շահերը սպասարկելու  առումով՝ Վաշինգտոնը Հայաստանից ակնկալիք  չունի, ինչը չի խանգարում ամերիկացիներին՝ խոսել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները սերտացնելու մասին: Մինչդեռ  մեր տարածաշրջանում իր գերիշխող դիրքը պահպանելու  համար Մոսկվան ակնկալիքներ Հայաստանից ունի: Այդ պատճառով էլ  ռուսական ռազմաբազան մեր երկրում է:
 
Ավելին՝ Մոսկվան ամեն ինչ անում է՝ թույլ չտալու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ՆԱՏՕ և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումը՝ վախենալով կորցնել  իր դիրքերն այստեղ: 
 
Սրան զուգահեռ՝ Անկարայի համար պայքարում է նաև Ռուսաստանը՝ մերթ մերձենալով ու մերթ հեռանալով Անկարայից: 
 
Վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ գերտերությունների մրցակցությունը Հայաստանի համար երբեմն դրական է: Դիցուք, եթե Վաշինգտոնը, Թուրքիայի խորհրդարանականի միջոցով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջարկ է հնչեցնում, «Սպիտակ Արջը»՝ Մոսկվան,  անմիջապես քնից կզարթնի, կանհանգստանա ու հավանաբար Երևանին սիրաշահելող այլ առաջարկ կանի: 
 
Սակայն, սա ընդամենը ենթադրություն է, քանի որ թե՛ դեսպան Ջեֆերսոնը, թե՛ վերլուծաբանները պնդում են՝ առաջիկալում Սպիտակ տունը զբաղված է լինելու ավելի հրատապ այլ հարցերով: