Գազի գինը Հայաստանի համար ավելի ցածր պետք է լինի

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Լավատեսությունը նույնիսկ փոքրիկ հաջողություններից կարող է ծնվել ու հետո խթան դառնալ՝ ձեքբերումներն ավելի նշանակալի դարձնելու համար: Ինչ վերաբերում է գազի գնի նվազեցմանը, ապա տնտեսագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ այն շատ բարձր է, որովհետև այլընտրանք չունենք։ Մինչդեռ այլընտրանքի հնարավորություն հաստա՛տ ունենք։
 
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ամբիոնի անդամ Աշոտ Թավադյանի, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ամբիոնի համակարգող Արամ Սաֆարյանի, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ Աշոտ Թևիկյանի ներկայացրած փաստերն, այդ առումով, հուսադրող էին:
 
Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, նրանք խոսել են ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի ձեռքբերումները՝ 2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում: 
 
Աշոտ Թևիկյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ  այս տարվա առաջին հինգ ամսում մեծացել է տրանֆերտների աճը: Ավելին՝ այս տարվա 2-րդ կիսամյակում ևս տրանսֆերտների աճ է նախատեսվում: 
 
Ավելացել են նաև Հայաստանից արտահանումները: Ըստ Թավադյանի՝ պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանել ենք Ռուսաստան: Մասնագետի կարծիքով՝ արտահանման աճի ավելացումը պայմանավորված է մաքսային գործընթացների հստակեցմամբ, ռուսական ռուբլու կայունացմամբ: 
Սակայն Հայաստան մատակարարվող գազի գինը դեռ նվազեցման տեղ ունի:
 
ԵԱՏՄ սկզբունքների համաձայն՝ գազի գինը 30%-ով պակաս պետք է լինի միջազգային գներից, մինչդեռ Հայաստանի դեպքում այն  բարձր է:
 
- Պետք է բանակցել Ռուսաստանի հետ սրա մասին,-  կարծում է բանախոսը:
 
«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի մեկ այլ անդամ՝ Արամ Սաֆարյանն էլ նշեց, որ ԵԱՏՄ-ի երկրները տնտեսական վերելքի ճանապարհին են: Պարզվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը զարգացման նոր փուլ է մտել, և որոշ հեղինակավոր կազմակերպություններ տնտեսական զարգացման նոր ցուցանիշեր են կանխատեսում ԵԱՏՄ-ի շրջանակներում: 
 
- Հայաստանի համար այդ կանխատեսումները 2017 թվականին կարող են 2,5%-ից մինչև 3% լինել: Չի բացառվում նաև, որ ընդհուպ մինչև 3,4% տնտեսական զարգացման ցուցանիշ արձանագրի Հայաստանը: 
 
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ևս աշխուժացել է: ՌԴ-ից առանց վիզայի՝ միայն անձնագրերով ՀՀ մտնելու շնորհիվ նույն ժամանակահատվածում 25%-ով ավելացել է զբոսաշրջիկների թիվը: 
 
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում, ըստ Արամ Սաֆարյանի՝ Հայաստանում կզարգանան նաև տեքստիլի, կոշկեղենի, վերամշակման արտադրությունները: 
 
Մնում է, որ ՀՀ կառավարությունը շարունակի ջանալ՝ առավելագույն օգուտներ քաղելու այս կառույցից: