Բակո Սահակյանն ընկալելի թեկնածու է

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԱՂԸ ՆԱԽԱԳԱՀ ԿԸՆՏՐԵՆ

Ամիսներ առաջ Արցախում տեղի ունեցավ սահմանադրության փոփոխություն, և Արցախը դարձավ նախագահական երկիր: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախի համար նախագահական համակարգն ավելի արդյունավետ է:
 
Նա հիշեցրեց սահմանադրության հանրաքվեի շրջանակներում արցախցիներին տրված այն հարցը, թե ում կցանկանային տեսնել նախագահի պաշտոնում: Քաղաքացիների 76%-ը նշել է Բակո Սահակյանի, իսկ 12,5 տոկոսը՝ Վիտալի Բալասանյանի անունը:
 
Ադիբեկյանի հավաստմամբ՝ Արցախի ներկայիս նախագահ և նախագահի թեկնածու Բակո Սահակյանի ղեկավարման շրջանում բնակչության թիվն աճել է 11 հազարով: Երեք անգամ ավելացել է նաև ՀՆԱ-ն՝ հասնելով 230 միլիարդի: Արցախի նախագահի ջանքերով ծնելիության խթանման, երիտասարդ ընտանիքների բարեկեցության ծրագրեր են իրականացվել:
 
Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարում է նաև «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: Ըստ բանախոսի՝ Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունն արհեստական առաջադրում չէ՝ ինչպես ոմանք են ասում.
 
- Էդուարդ Աղաբեկյանը երիտասարդ է, կարող է իրեն այնպես դրսևորել, որ նա էլ ընկալվի արցախցիների կողմից որպես նախագահի թեկնածու: 
 
Արցախի նախագահական համակարգի դեմ է միայն «Վերածնունդ» կուսակցության Հայկ Խանումյանը: Նա, հիշեցնենք, ողբերգություն էր համարել նախագահական համակարգն ու լծակները մեկ անձի ձեռքում կենտրոնացնելը:
 
Իսկ ահա «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն էլ Բակո Սահակյանի երրորդ պաշտոնավարումը համարում է հերթական սպառնալիքը՝ Արցախի անվտանգության համար:
 
Սոցիոլոգը կարծում է, որ Հայկ Խանումյանն Արցախի ԱԺ-ում մեկ ձայն ունի, որը որոշիչ չի կարող լինել: 
 
- Խորհրդանում պատգամավորների 85 տոկոսը ձայնը կտան Բակո Սահակյանին, իսկ մյուս ընդդիմադիր թեկնածուին՝ 9-12 տոկոսը,- կանխատեսեց Ահարոն Ադիբեկյանը:
 
Տեղեկացնենք, որ Արցախի խորհրդարանը վաղը հատուկ նիստ կգումարի և կընտրի ԱՀ նախագահ: