Երեսուն բլոգերները թարմացրել են Ադրբեջանի «սև ցուցակը»

Այն, ինչ Արցախի ժուռնալիստների միության և «Արցախակերտում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ստեփանակերտում` դժվար է գերագնահատել: Ինչպես արդեն հայտնի է, աշխարհի 11 երկրներից 30 բլոգեր էր ժամանել Արցախ՝ մասնակցելու բլոգերների միջազգային ֆորումին: Ընդ որում՝ ֆորումի թե՛ նախաձեռնողը, թե կազմակերպողը եղել է հենց Արցախը՝ առանց Հայաստանի Հանրապետության որևէ կարգի հովանավորության:

Ըստ էության բոլոր էլ եկել էին` հաստատ իմանալով, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց դեմ ատամ են կռճտացնելու և փորձելու են իրենց բացասական վերաբերմունքն ամեն կերպ արտահայտել՝ ընդհուպ մինչև այլ երկրների ծախու պաշտոնյաների միջոցով արտահանձնման շոու կազմակերպելը: Ասել է թե` նրանց համար մեկ է, որ կարող են հայտնվել լենինյան սովետմիության մոգոնած պետության համար անցանկալի անձանց «սև» ցուցակում:

Այս ֆորումին մասնակցելու որոշման վերաբերյալ դեռևս մի քանի օր առաջ տարածած իր հրապարակման մեջ ռուսաստանցի հանրահայտ Բլոգեր Անտոն Նոսիկը գրել էր.

- Առավոտյան գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որ է հայոց հինավուրց Արցախը: Ասում են՝ Անդրկովկասի ամենագեղեցիկ վայրն է: Կարծիք կա, որ ամեն ոք, ով այնտեղ  ոտք է դնում, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինձ դա չի մտահոգում, քանի որ Ադրբեջանի՝ որպես ինքնիշխան պետական կազմավորման գոյությունը համարում եմ պատմական սխալ և թյուրիմացություն: Ինչպես որ մինչև 1918թ. այդ երկիրը գոյություն չուներ, այնպես էլ հետագա տարիներին աշխարհի քարտեզը կարող էր առանց նրան հանգիստ դիմանալ: Ափսոս, որ այդ երջանիկ հնարավորությունը կորսված է:

Նա չէր շրջանցել նաև «մարդակեր» Սաֆարովին հերոսացնելու փաստի և նավթագազային եկամուտներով արվող զանազան անօրինական գործարքների մասին: Իսկ արդեն Ստեփանակերտում հայտարարել է, թե Լապշինի արտահանձնումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր:
Ստեփանակերտում Լապշինի արտահանձնման վերաբերյալ ցավ է հայտնել նաև Բելառուսից ժամանած  բլոգեր Ալեքսանդր Հոիշկըկը` նշելով, թե դա որքան բացասաբար է անդրադարձել իր երկիր միջազգային վարկի վրա: (Հուսանք, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ինչ-որ դաս քաղել է այն բանից հետո, երբ Ալիևն ուրացավ սեփական նավթախոստումները և նրա երկրին ձեռնունայն թողեց): 

Չեխ լրագրող Պետրուշկա Շուստրովան էլ, ով ութ տարի առաջ նույնպես եղել է հայկական երկրորդ հանրապետությունում, նշել է, թե այնտեղ ամեն ինչ արագ է զարգանում, ափսոս, որ Արցախը աշխարհի կողմից ճանաչված չէ: (Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ տեղեկությունները քաղվել են «Արցախպրես» կայքից):

Այսպիսով, եթե մինչև Ադրբեջանի «գործնական քայլերը» (ինչպիսիք են զանազան սև ցուցակներն ակտիվացնելը, հնարովի հետախուզումներ հայտարարելը կամ դրանց ձախողված փորձերը, Եվրոպական կառույցների ներկայացուցիչներին մեղադրանքներ ներկայացնելը և այլն), լրագրողները մեկ-մեկ էին Արցախ գալիս և իրենց հրապարակումներով շատ մեծ լսարան չէին գրավում, այժմ արդեն տասնյակներով են գալիս և հեռանալու են անհամեմատ մեծ տպավորություններով, իրար հետ շփումներից ու քննարկումներից ծնված նոր գաղափարներով: Թերևս սա նաև զբոսաշրջիկների հո՞սքը խթանի…

Իսկ Ադրբեջանը թող նստի իր փորած հորում և «փիքր անի էս աշխարհի բանիրը»:

Սակայն հայկական կողմը մի իրողություն չպետք է անտեսի՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բլբյուլօղլին հայտ է ներկայացրել դառնալու Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ)-ի գլխավոր քարտուղար, և հայկական մշակութային արժեքների ոչնչացման ջատագով ու կազմակերպիչ այս «համաշխարհային գործքչի» հնարավորությունները մեծ են, քանի որ «ոսկին մութ տեղը լույս է տալիս»: Բլոգերների ֆորումն այդ մասին խոսելու լավ հարթակ է: