Հայ-իրանական չօգտագործված մեծ ներուժ կա

ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ

Եթե Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրն ու իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցելու ծրագիրն ավելի իրատեսական դառնան, ապա կարող են նպաստել Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այսօր այդ մասին հայտարարեց  իրանցի փորձագետ Էսհան Հուշմանդը։
 
Նրա խոսքով՝ Իրանը ցանկություն ունի Ռուսաստանի հետ կապ ունենալ նաև երկաթուղային ճանապարհով, իսկ նման կապի ապահովումն այս պահին հնարավոր է միայն Ադրբեջանով:
 
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ երկաթուղուն, Իրանցի փորձագետի կարծիքով Իրանի համար այն ելք է դեպի Եվրոպա։ Այդ ուղղությամբ, սակայն, բավարար աշխատանք չի տարվում: Երկաթուղու կառուցման շնորհիվ, ըստ բանախոսի, Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նույնպես կավելանա:  
 
Փորձագետը կարծում է, որ մեր երկրների երկկողմանի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ կարգին է. չօգտագործված մեծ ներուժ կա։
 
- Եթե Հայաստան-Իրան երկաթգծի ծրագիրը և իրանական գազի դեպի Եվրոպա տարանցման նախագիծն ավելի իրատեսական դառնա, և Հայաստանը քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, ապա երկկողմանի հարաբերութունները ոչ միայն կընդլայնվեն, այլ նաև կազդեն տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման վրա- վստահ է  Հուշմանդը:
 
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ իրատեսորեն հավելեց, որ այդ երկու ծրագրերի իրականացումը Հայաստանին ոչ միայն կօգնի դուրս գալ շրջափակումից, այլև լուծել անվտանգության հարցերը։
 
Ի դեպ՝ Հուշմանդը չշրջանցեց նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացմամբ անհանգստացած Հայաստանի ու Իրանի «թշնամիներին»: Դիվանագիտորեն նա անուններ չնշեց, բայց արձանագրեց, որ այդպիսիք կան և ցանկանում են սեպ խրել երկու երկրների հարաբերություններում:
 
Ենթադրելի է՝ նրա խոսքի նետն  առաջինն Իսրայելին էր ուղղված: