«Ռուսաստանը չդադարեց Ադրբեջանին զենք վաճառել». Մ. ԹԱՆԴԻԼՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Խորհրդարանական ընդդիմադիր «ԵԼՔ» ուժը հայտարարել է, որ այս կառույցին միանալը քաղաքական սխալ էր և պետք է շրջադարձ կատարել դեպի Եվրամիություն
 
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պիտի սկսի. այս մասին հայտարարել է «ԵԼՔ» դաշինքի առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
 
Վերջինիս հայտարարությունը դարձել է ներքաղաքական լայն շրջանակների քննարկման առիթ, որովհետև Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված ուժերից որևէ մեկը նախկինում նման հարց չի բարձրացրել: Եղել են անհատ պատգամավորներ, ովքեր կողմնակից են եղել Հայաստանի եվրոպական ապագային, դեմ են քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագծին, բայց նրանց ներկայացվածությունը չի եղել խմբակցության մակարդակով:
 
Այս մասին JAMnews-ի (Հարավային Կովկասի նորությունների ընտրանի) հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
 
Քաղաքական որոշ գործիչներ ընդհուպ հարցադրում են արել՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյանի հայտարարությունը «ԵԼՔ» դաշինքի պաշտոնական դիրքորոշումն է, թե՞ պատգամավորի անձնական տեսակետը:
 
«ԵԼՔ» խմբակցության պատգամավորներից Մանե Թանդիլյանը հաստատել է. իրենք ոչ միայն կողմ են ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը սկսելուն, այլև կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրել են, որ ԵԱՏՄ-ին միանալը քաղաքական սխալ էր և պետք է սկսել Եվրամիության հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը:
 
Վերջինս շեշտել է, որ Եվրասիական միության կազմում Հայաստանը վտանգում է իր անկախությունն ու սուվերենությունը, իսկ գործընկեր Էդմոն Մարուքյանի կոչն ուղղված է Հայաստանի գործող իշխանություններին, որ «սթափվեն ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնեն՝ պաշտպանելով Հայաստանի շահերը»:
 
Թանդիլյանը մի շարք պատճառներ է թվարկել, թե ինչու ՀՀ-ն պետք է լքի ԵԱՏՄ-ն:
 
● Եվրասիական միությունը դրական ազդեցություն չունեցավ Հայաստանի տնտեսության վրա,
 
● Ռուսաստանը, որը նաև Հայաստանի ռազմավարական գործընկերն է, չդադարեց Ադրբեջանին զենք վաճառել,
 
● ԵԱՏՄ-ին միանալը կոտրեց Հայաստանի ազատ և անկախ պետություն լինելու մասին պատկերացումները:
 
Այս կապակցությամբ հայկական մեդիան հիշեցնում է վերջին օրերն քննարկվող և կտրուկ քննադատության արժանացած Ռուսաստանի առաջարկը ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին՝ ՌԴ-ում ապրող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքը վավեր ճանաչելու պատրվագով: 
 
«ԵԼՔ» խմբակցության պատգամավորը շեշտում է ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությունը. 
 
- Հայաստանը արդեն իսկ ունի բոլոր նախադրյալները իր որոշումը հիմնավորելու: Տնտեսական կանխատեսումները իրողություն չդարձան, ներդրումները կտրուկ նվազեցին, տրանսֆերտները նվազեցին: Շարունակվում են ոտնահարվել Հայաստանի քաղաքացիների շահերը Ռուսաստանում…
 
Իշխող Հանրապետական կուսակցության արձագանքը հնչել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շուրթերով: Խորհրդարանի խոսնակն ասել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լոկ քաղաքական որոշում չէ, այն ամրագրված է հստակ տնտեսական հաշվարկներով:
 
- Երբ մենք որոշում էինք կայացրել անդամակցել Եվրասիական միությանը, մենք հստակ հաշվարկներ էինք արել, և դրանք եղել են ի օգուտ Հայաստանի: Մենք միացել ենք 170 միլիոնանոց շուկային: Սա նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է, որովհետև մեկ այլ բան է, որ ներդրողը 3 միլիոնանոց շուկայում է, լրիվ այլ բան է, որ ներդրողը 170 մլն շուկայում է,- հակադարձել է Շարմազանովը:
 
ԱԺ փոխնախագահը խոստովանել է՝ ԵԱՏՄ-ում կան խնդիրներ, բայց նշել, որ նման խնդիրներ կան նաև Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում: Շարմազանովը շեշտել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության կողմնակիցը միայն Հանրապետական կուսակցությունը չէ, նախորդ Ազգային ժողովը 103 կողմ և միայն 7 դեմ ձայների հարաբերակցությամբ է կայացրել միությանը միանալու որոշումը:
 
- Սա եղել է այն եզակի հարցերից, որին կողմ է քվեարկել ոչ միայն խորհրդարանական մեծամասնությունը, այլև՝ ընդդիմադիր պատգամավորներից: ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին հարցրե՞լ են, քաղաքացիներին հարցրե՞լ են, թե ինչքան վնասներ են նրանք կրելու,- նշել է իշխանության ներկայացուցիչը:
 
Հիշեցնենք՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015թ.-ից: Միության մյուս անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: