Միջազգային կառույցները հասցեական գնահատականներ չեն տալիս

ՄԻԵԴ-Ը ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ 23 ՀԱՅՑ

- 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մենք առաջին հերթին զբաղվել ենք փաստահավաք աշխատանքով,- այս մասին այսօր հայտարարեց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը` ընդգծելով, որ Ադրբեջանում ատելությունը հաղթահարել է անթույլատրելիության շեմը, և մեր կոնֆլիկտը տարբերվում է բոլոր կոնֆլիկտներից: 

Ըստ նրա՝ հրապարակվել է զեկույց՝ քաղաքացիական բնակչության և զինվորականների նկատմամբ բռնությունների մասին:

Ապրիլյան պատերազմից հետո կատարված աշխատանքը ներկայացրեց նաև Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը հետզհետե ավելի է խորացնում ատելության մթնոլորտը.
 

- Այնտեղ մեծ պատիվ է հային վնասելը:Վերջին դեպքերը, երբ երեխայի նկարը տարածվեց՝ ատելությունը խորացնելու համար էր:

Չնայած այս ամենին` միջազգային կառույցները հասցեական գնահատականներ չեն տալիս, մինչդեռ չի կարելի տարածքային քաղաքական կարգավիճակը շփոթել իրավունքների պաշտպանության հետ:

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը, պարիտետային իրավիճակ ստեղծելու համար բարբարոսական քայլեր է կազմակերպում իր իսկ բնակչության դեմ: Նրա խոսքով` պատերազմը չի ճանաչում ազգություն, և հուլիսի 4-ի հանցագործությունները  խաղաղ բանչության դեմ կազմակերպված էր հենց Ադրբեջանի կողմից:
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ նախորդ  տարի` ապրիլյան  պատերազմից հետո, մեր խորհրդարանը պետք է Ադրբեջանի գործողությունները ճանաչեր որպես ցեղասպանություն:

Իսկ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմից հետո մեկնել է Արցախ՝ փաստահավաք գործունեություն ծավալելու: Դրանից հետո 359 գանգատ է ուղարկվել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի: 23 հայց ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել: