Հիմա՝ ազատ տեղաշա՞րժ, թե՞ սահմանափակում

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ

Վրաստանի ցանկությունը կատարվեց: Աստիճանաբար  Թբիլիսին դառնում է ԵՄ անդամ ու զանազան օժանդակություններ ստանում դրա դիմաց: Առավելություններից մեկը, ինչպես  տարփողում են արևմտամետները՝ վիզային ռեժիմի ազատականացումն է: Բայց արի ու տես, որ Վրաստանն էլ կարծես հրապուրվել է «սև ցուցակներով», որոնցով փայլում  է իր հարևան ու բարեկամ Ադրբեջանը: Վրաստանն, իհարկե, «ռիսկային խմբում» ի՛ր քաղաքացիներին է ընդգրկել:
 
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմից երեք ամսում օգտվել է մոտավորապես 55 հազար Վրաստանի քաղաքացի: Նրանցից 3 հազարը խախտել են Շենգենյան գոտում գտնվելու 90-օրյա առավելագույն ժամկետը և չեն վերադարձել հայրենիք: Այս մասին հայտարարել  է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին: Նրա խոսքով՝ չի բացառվում, սակայն, որ այդ մարդիկ Շենգենյան գոտուց ուղևորվել են այնպիսի երկրներ, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չունի, ասենք՝ Թուրքիա կամ Ուկրաինա: Ամեն դեպքում, այդ 3 հազար անձանց ինքնությունը պարզվել է, և նրանց տվյալները մուտքագրվել են «ռիսկային խմբում»: 
 
Պաշտոնյայի հավաստմամբ՝ կարգազանցների համար Եվրամիությունը խիստ կանոններ ունի. նրանք կվտարվեն ԵՄ տարածքից, ստիպված կլինեն 3 հազար եվրո տուգանք վճարել, ինչպես նաև հինգ տարով կզրկվեն Եվրոպա մուտք գործելու իրավունքից:
 
Վրացի փորձագետների կարծիքով՝ անգամ ռիսկայի խմբերում ընդգրկելը Թբիլիսիին չի փրկի: Բանն այն է, որ որևէ պետություն ի զորու չէ ամբողջությամբ վերահսկել իր քաղաքացիների ազատ տեղաշարժը, որն, ի դեպ, ԵՄ համար կարևոր արժեք է:  
 
Չի բացառվում, որ Եվրամիությունը վերանայի վիզային ազատականացումը, ինչի արդյունքում հարևան Թբիլիսին կարող է զրկվել ֆինանսական աջակցությունից: 
 
Սակայն,  եթե չքննարկենք 3000 քաղաքացիների օրենքը խախտելու փաստը և խոսենք զուտ ԵՄ կանոնների մասին, ապա այս դեպքում էլ հարցեր են առաջանում: Գաղտնիք չէ, որ վիզային ռեժիմին ձգտող երկրները քիչ չեն, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Աշնանը ԵՄ հետ պետք է ստորագրենք շրջանակային համաձայնագիրը, որից հետո վիզային ռեժիմի ազատականացումից կօգտվի Հայաստանը: Բայց անգամ այս պայմաններում քիչ չեն դեպքերը, երբ տարբեր պատճառաբանություններով, որոնցից ամենատարածվածը քաղհալածյալի ախտանիշն է, մեր հայրենակիցներից շատերը ապաստան են խնդրում այլ երկրներում: Արդյո՞ք երաշխավորված ենք, որ մեզ պարագայում ևս նման միջադեպեր չեն լինի: Հիշենք նախկին վարչապետի հայտնի՝ «թող արտագաղթեն, որ հեղափոխություն չանեն խոսքերը»: 
 
Մի խոսքով՝ դեպի եվրոպական երկրներ մուտքի ազատականացումը, թերևս, սոցիալ-տնտեսական այս պայմաններից փախուստի նոր ու մեծ ալիքի պատճառ կարող է դառնալ: 
 
Այդպիսին է մարդ-արարածի հոգեբանությունը՝ լավ է այնտեղ, ուր մենք չկանք: Եվ արտագաղթողի քարավանները ձգվում են դեպ «ավետյաց» երկրներ: Իսկ ազատ տեղաշարժի իրավունքը հենց եվրոպական չափանիշներով է: Ուրեմն՝ իր նախընտրած պետություն ճողոպրող քաղաքացիների համար ինչո՞ւ պետք է պետությունը պատասխանատվության ենթարկվի: Չէ՞ որ նույն պետության բազմաթիվ այլ քաղաքացիներ էլ փախուստի չեն դիմելու, բայց ցանկանալու են շրջագայել՝ առանց վիզային գլխացավանքների: