Հայաստանը՝ միջնորդ Իրանի և Իսրայելի միջև

ԳՏԱԾ ԲԱՐԵԿԱՄԻՆ ՆՈՐԱՀԱՅՏՈՎ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆԻ

Նախախնամության հեգնանքով երևի՝ Պաղեստին-Իսրայել հարաբերությունները նորից լարվել են Ցախի Հանեգբիի Հայաստան գալու նախօրյակին: Պաղեստինը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունները սառեցնելու մասին: Հակամարտությունը նման է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին:
 
Ու ահա  այսպիսի խնդիր ունեցող երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին գալիս է Հայաստան, որտեղ նրան բարձր մակարդակով կդիմավորեն ՀՀ ԱԺ նախագահն ու ՀՀ վարչապետը: Օրակարգը դեռ հայտնի չէ: Միայն  գիտենք, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ:
 
Իսրայել-Հայաստան հարաբերությունների մասին խոսեցին նախորդ ամիս, երբ Հայաստան էին եկել երկու փորձագետներ, որոնցից մեկը եղել է Արցախում: 
 
Այս այցը փոքր-ինչ ինտրիգային է, քանի որ Թել Ավիվը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ և առաջին հերթին՝ ռազմական ոլորտում: Ինչպես Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, այնպես  էլ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, որի մասին շատ խոսեցին հատկապես նախորդ տարի ապրիլյան պատերազմի առիթով: 
 
Ու ահա այս ֆոնին Իսրայելի նախարարը գալիս է Հայաստան՝ չհստակեցնելով, թե ինչ բարեկամական հարաբերությունների մասին է խոսքը: Չնայած՝ գուցե հենց հստակեցումների առաջարկով է նա գալիս, գուցե՝ որոշակի ծրագրերով, որոնք ավելի ուշ կհանրայնացվեն:
Այսուհանդերձ, առայժմ միայն ենթադրություններին կարելի է ապավինել՝ վերջին զարգացումները վերլուծելով: Եվ դրանցից բխող երկու վարկած կարելի է քննարկել:
 
Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են գրեթե բոլոր ոլորտներում. աստիճանաբար իրականանում են տնտեսական մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ էապես մեծանում ու կարևորվում է Հայաստանի դերը տարածաշրջանում: 
 
Այս իրողությանն Իսրայելը հանգիստ չէր կարող վերաբերվել: Ակնհայտ է, որ Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Թել Ավիվը չէր կարող այս ամենին դրական աչքով նայել ու ուրախանալ Իրան-Հայաստան հարաբերությունների  խորացմամբ: Հայտնի թևավոր խոսքին այս պարագայում Իսրայելը կարծես թե նոր նրբերանգ է հաղորդում՝ «Իմ թշնամու բարեկամն իմ բարեկամն է»:
 
Իսրայելը բարեկամական հարաբերությունների մասին է խոսում՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչպիսի բարեկամության մասին է խոսքը: Փոքր-ինչ մակերեսային  կլինի մտածել, թե Հայաստանը գտած բարեկամին նորահայտով կփոխարինի: Ընդհակառակը, առողջ բանականությունը թելադրում է, որ երկուսի հետ էլ պետք է ջերմացնել հարաբերությունները՝ առավելագույն օգուտ քաղելով ու փոխադարձաբար օգտակար լինելով: 
 
Մյուս վարկածը, որի մասին խոսում են իսրայելցի փորձագետները, Հայաստանի միջնորդ դերի կարևորումն է.
 
- Հայաստանը Իսրայելի տեսանկյունից հետաքրքիր է հենց նրանով, որ շատ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Հայաստանի բարեկամությունը Իրանի հետ այս իմաստով ոչ թե բացասական է, այլ դրական: Այսօր իրավիճակը Մերձավոր Արևելքում փոխվում է, և Իրանը կարող է գալ այն եզրակացության, որ հարկավոր է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, և Հայաստանը կարող է շատ կարևոր դիվանագիտական դեր խաղալ այս հարցում՝ ամրապնդելով իր դիրքերը թե՛ Իսրայելում և թե՛ Իրանում,- հայտարարել է իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը շաբաթներ առաջ՝ Հայաստանում:
 
Պաշտոնական Թեհրանն առայժմ լռում է և այս ամենը կապում է արցախյան խնդրի հետ: Իրանի ԱԺ նախագահը կարծում է, որ Իսրայելը ցանկանում է միջամտել արցախյան խնդրին՝ Ադրբեջանի զենք մատակարարելով և հարցը լուծելով հօգուտ  Բաքվի: Անշուշտ, այսպե կարծելու համար նա էլ իր հիմնավորումներն ունի: 
 
Ցախի Հանեգբիի այցը, թերևս, նոր լույս կսփռի ենթադրությունների և Հայաստան-Իսրայել հետագա հարաբերությունների ճանապարհին: