Մարդկային կյանքերը՝ ոմանց քսակներում

ՇԱՀԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ՞, ՈՐ ԴԱՐԻՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵՆ

Ամեն օր ահազանգ է հնչեցվում, որ աշխարհում ամենուր քաղցկեղածին միջավայր է տիրում: Քաղցկեղ կարող է առաջանալ մարդու շնչած օդից, ընդունած սննդից, կենցաղային պայմաններից, վատ սովորություններից, օգտագործած իրերից ու սարքավորումներից, աշխատանքային պայմաններից…
 
Տասնամյակներ շարունակ բժիշկներն ու գիտնականները համամոլորակային չարիք դարձած այս հիվանդության բալասանն են որոնում, բայց դեռևս մեծ հաջողությունների չեն հասել: Իսկ անկշտում գործարարներն ավելի մեծ եռանդով քաղցկեղածին նորանոր հավելումներով են համեմում իրենց արտադրանքը:
 
Վերջին տարիներին ցավալի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մահաբեր այս ախտի տարբեր տեսակներով հիվանդացողների թիվը կտրուկ մեծացել է: Ախտորոշման բարդությունն ու բուժման ծախսատարությունն էլ մի կողմից են վիճակը բարդացնում:  
 
Իրավիճակը կարող է անհամեմատ թեթևացնել ճապոնացի գիտնականների ձեռքբերումը, եթե առաջիկա փորձարկումները սպասված արդյունքը տան: Ճապոնիայում՝ Տոկիոյի ուռուցքաբանության ազգային կենտրոնում, մշակել են մի եղանակ, որը հնարավորություն է տալիս մարդու արյան քննության միջոցով պարզել՝ քաղցկեղի 13 տեսակներից (օրինակ` ստամոքսի, կրծքագեղձի քաղցկեղը, ոսկորների չարորակ ուռուցքները) որևէ մեկով հիվանադանալու հավանականություն կա՞: 
 
Հեղինակները նշել են, որ իրենց թեստը հնարավորություն է տալիս 95% հավանականությամբ հայտնաբերել քաղցկեղի այդ 13 տեսակների  նշանները՝ եթե անգամ հիվանդությունն ամենավաղ փուլում է: Իսկ վաղ փուլում հայտնաբերված հիվանդության բուժումը, բնականաբար, ավելի դյուրին է լինում: 
 
Եթե (ինչպես «Վեստին» է հաղորդում) ճապոնացի գիտնականների փորձարկումները հաջողությամբ պսակվեն (իսկ դրա հավանականությունը մեծ է), ապա ակնկալելի է, որ տվյալ թեստն արդեն երեք տարի հետո հնարավոր կլինի կիրառել հիվանդանոցներում: Այդ դեպքում հիվանդանոց դիմած անձից ընդամենը կպահանջվի արյան քննության համար նմուշ հանձնել՝ խուսափելով տարբեր տեսակի  բազմաթիվ հետազոտություններից: 
 
Սա, իհարկե, շատ կհեշտացնի թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների գործը: Մի բան, սակայն, կասկածելու տեղ է թողնում:
 
Արդեն բացահայտ է, որ առողջապահությունը դարձել է բիզնես, այսինքն՝ մարդկանց հիվանդությունների շնորհիվ մի խումբ խոշոր դեղարտադրողներ ուղղակի հարստություն են դիզում: Նրանց հարկավոր են հիվանդ մարդիկ, ովքեր ստիպված են լինելու մեծ գումարներ վճարել՝ իրենց ծառայություններից ու բուժամիջոցներից օգտվելու համար: Այն ամենը, ինչ կարող է դրա ճանապարհին խոչընդոտներ ստեղծել, նրանք փորձում են վնասազերծել, արժեզրկել, խեղաթյուրել: Ու նաև նպաստավոր պայմաններ ստեղծել՝ տարբեր հիվանդությունների տարածման համար…
 
Այս կարծիքը նախկինում կարող էր հիվանդագին կասկածամտություն թվալ, բայց ավաղ՝ այդ փաստը հաստատող օրինակներ հիմա հաճախ են հրապարակվում: