«Անցյալի վկաներ»-ը` հայաստանակենտրոն փիլիսոփայությամբ

ՑՈՒՑԱՍՐԱՀ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ այցելել է Հայաստանի նկարիչների միություն, ուր բացվել է ՀՀ nախագահի մրցանակի շրջանակներում կազմակերպված «Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» անվանակարգում ներկայացված` ՀՀ վաստակավոր նկարչուհի, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ղեկավար Աննա  Հարությունյանի նկարների ցուցահանդեսը:
 
Ներկայացված աշխատանքներից առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում հատկապես հեղինակի վրձնած «Անցյալի վկաներ» շարքը, որն առանձնանում էր տիեզերքի հայաստանակենտրոն փիլիսոփայությամբ, անտիկ, քրիստոնեական ու ժամանակակից կերպարվեստի տարրերի համադրությամբ, յուրահատուկ տեխնիկայով:
 
Նախարարը բարձր գնահատեց հայկական մշակույթն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում ու այլ երկրներում պատշաճ և հետաքրքիր մատուցմամբ ներկայացնելու նկարչուհու ջանքերը` ընդծելով, որ թեև  Աննա Հարությունյանն ուսումը շարունակել է Գերմանիայում, 20 տարեկանից դարձել Գերմանիայի նկարիչների միության անդամ, սակայն նրա արվեստի շարժիչ ուժն ու ներշնչանքի ակունքը Հայաստան աշխարհն է` հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկը: 
 
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և կարևորեց Արենիից պեղած 5.500-ամյա աշխարհի ամենահին հայկական գտածո կոշիկի նկարի ցուցադրությունն Իսպանիայի Էլդա քաղաքի Կոշիկի թանգարանում և այն ՀՀ սփյուռքի նախարարության անունից թանգարանին նվիրելը:
 
Իսկ նկարչուհին, երախտագիտություն հայտնելով իր արվեստը բարձր գնահատելու համար` հավաստիացրեց, որ առաջիկայում հանդես կգա նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով: