Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Հայաստանում թանկացումներ կլինեն

ԱՆԳԱՄ ԵՎՐՈՊԱՆ Է ՏՈՒԺՈՒՄ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից կտուժի նաև Հայաստանը՝ կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: 
 
ՀՀ-ում արտադրվող ապրանքերի մոտ 22%-ն արտահանվում է ՌԴ: Ներմուծումներն էլ ամենաշատը Ռուսաստանից են, ընդ որում՝ այնտեղից ներմուծում ենք ոչ միայն ռուսական  ապրանք: Տնտեսագետը ենթադրում է, որ Հայաստանում սպասվում է ապրանքների թանկացում: Բայց նաև՝ Հայաստանը կարող է շահել սանկցիաներից, քանի որ այլ երկրներից կնվազի ներմուծումը Ռուսաստան, և կարող ենք մեծացնել արտահանումը:
 
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները տնտեսագետը ապտակ է համարում.
 
- Ես քեզ ապտակում եմ, դու ինձ ես ապտակում, և այս ամենը վերածվում է կռվի: Այս տրամաբանությունն ունեն նաև սանկցիաները, ԱՄՆ-ն՝ Ռուսաստանի նկատմամբ, և հակառակը: Երբեմն նաև Եվրոպան է հասկանում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում է ինքը:
 
 
Վերջին երկու տարիներին ՌԴ-ից Հայաստան ուղարկված տրանֆերտները նվազել են: Ըստ մասնագետի՝ նոր սանկցիաներն է՛լ ավելի կնվազեցնեն դրամական փոխանցումները: 
 
- Հայաստանը հանդիսանում է ՌԴ-ից տրանսֆերտներ ստացող երկիր: Վերջին երկու տարիներին տրանսֆերտները 2 միլիարդից հասել են 1,3 մլրդ-ի: Իսկ եթե տրանսֆերտների թիվը դրանից էլ իջնի, ապա դա արդեն լուրջ հարված է: 
 
Կրեմլի դեմ պատժամիջոցներից կտուժի Ռուսաստանի գյուղատնտեսությունը. ոլորտ, որտեղ ինքնաբավության խնդիրն են փորձում լուծել: Զբաղվածության խնդիրը նույնպես զգացնել կտա իրեն, քանի որ աշխատատեղեր կկրճատվեն:
 
Բնականաբար առաջինը հարվածի տակ կընկնեն միգրանտները: