Ի հուշ՝ պատմությունը լավ չսերտածներին

ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՑ ԲԱՑԻ

1896թ. օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը  1894-1896թթ. համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն էր։ Կազմակերպիչներն էին Դաշնակցական գործիչներ Բաբկեն Սյունին և Արմեն Գարոն:
 
Դրանից երկու ամիս առաջ՝ հունիսին, քուրդ Մազրիկ ցեղախումբը, «Արյունոտ սուլթան» Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանությունից հետո հարձակվել էր դեպի Պարսկաստան նահանջող անզեն մարտիկների վրա և կոտորել գրեթե բոլորին։ Հետագայում, Նիկոլ Դումանը  ՀՅԴ զորախմբին առաջարկել էր որպես վրեժխնդրություն՝ արշավանք կազմակերպել դեպի Խանասոր, որտեղ վրաններում ապրում էր քրդական մազրիկ ցեղը։ 
 
1897 թ. հուլիսի 25-ի արշալույսին, Նիկոլ Դումանի, Խանասորա Վարդանի և Հովսեփ Արղությանի գլխավորությամբ, 253 ֆիդայիներ  անակնկալորեն հարձակվեցին քրդական Մազրիկ ցեղի վրա։ Հայ մարտիկներին հաջողվեց կոտորել մազրիկ զինյալների մեծամասնությունը, սակայն հայերը խնայեցին կանանց ու երեխաներին։ Մազրիկ ցեղի հրամանատար Շարիֆ Բեկը փախավ մարտից՝ կանացի հագուստ հագած։ Խուսափելով մազրիկ ցեղին օգնության հասած մեծաթիվ քրդական այլ ցեղերի հետ լայնածավալ բախումներից՝ ՀՅԴ արշավախումբը նահանջում է Պարսկաստան։ Արշավանքը ավարտվեց 1897-ի հուլիսի 27-ին։
 
Պատմական այս միջադեպերի հետևանքներին և պատմության նենգափոխումներին է անդրադարձել Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆԸ
 
 
ՕՏՈՄԱՆՅԱՆ 121-ԱՄՅԱ ԴԱՍԸ...
 
1890թ. Սարգիս Կուկունյանի ձախորդ արշավանքից և նույն թվականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակյանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցույցերից հետո, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխությունն այլևս անհրաժեշտություն էր:
 
Ազատագրական պայքարի խաղաղ ու պաշտպանողական կեցվածքները փոխարինվեցին հարձակողական-աննախադեպ քայլերով, որոնց խիզախ ու շշմեցուցիչ մեկնարկային օրինակը հանդիսացավ 1896 թվականի օգոստոսի 14-ին Ստամբուլի (Պոլիս) Օտոմանյան բանկի գրավումը...
 
Խիզախության ու սխրագործության դասից բացի, Հայ ազատագրական պայքարը, հանձին Բանկ Օտոմանի գրավման, սերտեց ու միաժամանակ վերապրեց այն փորձառությունը, որը դեռևս, քիչ թե շատ սերտել էր Սան Ստեֆանոյի (1878)   ու Բեռլինի (1878) վեհաժողովներից ի վեր, որոնցով ճաշակել էր Եվրոպական «դիպլոմատ հրեշներից»..., որոնք ժպտադեմ ու փափուկ լեզվով մշտապես փորձել են արդարացնել ինչպես Համիդյան, այնպես էլ և հետագայում՝ երիտթուրքական կոտորածներն ու ... Հայոց Մեծ Եղեռնը:
 
....Բանկ Օտոմանների ու Խանասորների փորձառությունները, սակայն, հետագայում, թեկուզ ծանրակշիռ գներով, բայցև արդյունավորվեցին Հայկական կամավորական ջոկատներով ու գնդերով, որոնք էլ ազատագրական երեսնամյա պայքարը պսակեցին Սարդարապատյան փառավոր հաղթանակներով, ընդհուպ՝ անկախ պետականության անկրկնելի նվաճմամբ...:
 
Հ. Գ. Ի հուշ՝ պատմությունը լավ չսերտած, կամ «սերտելով» հանդերձ՝ նենգափոխողներին.
 
Հայկական կոտորածներն ու ջարդերը կազմակերպվել են ու պատահել են դեռ «բանկ օտոմաններից» ու «խանասորներից» շատ առաջ. այնպես որ՝ պատճառ-հետևանքային աճպարարություններով այլևս հնարավոր չէ պատմական իրողությունները ծուռ հայելիներում արտացոլելով՝ մոլորեցնել հանրությանը...: