ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

ՆՎԵՐ` ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ

Նախընտրական այս  գաղջ ու միապաղաղ մթնոլորտը  «թարմացրեց» ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ընտրացուցակի առաջին համար, ՀՀ  հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ էության, «պապը»   սենսացիոն ոչինչ չի ասել:  Հերթական անգամ հանրությանը հրամցրել է արցախյան խնդրի  լուծման պարտվողական քաղաքականության իր տեսակետը: Այն է` ազատագրված տարածքների զիջումն է  հայ ժողովրդի միակ փրկությունը:

ՀՀ հիմնադիր նախագահի այս  ելույթը թերևս պատահական չէ: Ընդ որում, որպես արդարացում՝ ՀՀ-ի 1-ին նախագահը հիշեցնում  է, որ իր առաջարկածը Մադրիդյան սկզբունքներ են,  որոնք ընդունել է նաև գործող իշխանությունը: ՀԱԿ-ի ղեկավարը, սակայն, մոռանում է, որ ապրիլյան պատերազմից հետո  Ադրբեջանի «թեթև» ձեռքով  Մադրիդյան սկզբունքներն ու բանակցային գործընթացը հետինն պլան մղվեցին ու այսօր  գրոշի արժեք անգամ չունեն:   Ավելին` ՀԱԿ-իստների կողմից ծաղրանքի արժանացած «ոչ մի թիզ հող»-ականների դիրքերն  ամրապնդվեցին:  

Մյուս դրույթը, որն արդեն քանի տարի է, գովերգում է  Տեր-Պետրոսյանը, այն է, թե առանց Արցախյան խնդրի լուծման երկիրը չի զարգանա: 

Տեր-Պետրոսյանի այս  փաստարկը ոչ մի քննադատության չի դիմանում ու հիանալի «դեղամիջոց է» արդեն 25 տարի  երկրի պետական միջոցները վատնողների ու թալանողների համար:   Տրամաբանական հարց. ենթադրենք  արցախյան խնդիրն այսօր   լուծվեց Տեր-Պետրոսյանին հոգեհարազատ տարբերակով: Հայաստանում բոլոր խնդիրները հաջորդ օրվանից լուծվելո՞ւ են, թալան, պետական միջոցների վատնում չի՞ լինելու:

Իհարկե՝ ո՛չ:  

Հ.Գ. Եթե հավատանք մամուլի հրապարակումներին, սոցհարցումներին,  ՀԱԿ-ՀԺԿ-ն ԱԺ անցնելու փորձության առաջ է կանգնած: Ի՞նչ կարող  է այսօր խոստանալ  մի քաղաքական ուժ, որը 2008-2012 թթ-ին  գրեթե ամեն օր «ռեժիմից, ավազակապետությունից ազատվելու» խոստումներ էր հնչեցնում, օրեցօր կորցնում այն հսկայական ընտրազանգվածը, որն ուներ 2008-ի նախագահական ընտրություններում: Հետևաբար, մնում է խաղալ մարդկանց նուրբ լարերի վրա. ապրիլյան պատերազմից հետո ընտրողներին խոստանալ  խաղաղություն, համերաշխություն` առանց հստակեցնելու, թե ի՞նչ գնով է դա լինելու: Ու այսքանից հետո զարմանալի է, թե ինչ իրավունքով է քննադատում այլ քաղաքական ուժերին՝ արցախյան խնդրի լուծման համար  ստեր ներկայացնելով: