ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎ` ԴԱՇԻՆՔՈՒՄ

ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ՄԱՆԴԱՏԻ

ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր առաջ է վերադարձել Հայաստան:  Նախընտրական քարոոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նաև  ապրիլյան պատերազմից հետո  800 հեկտարի կորստին: Ոչ ավել, ոչ պակաս  նախագահի նախկին թեկնածուն  հայտարարել է, որ պատասխանատուն  Սերժ Սարգսյանն է, ու պետք չէ այլոց  քավության նոխազ  սարքել:

 

Եթե «Ժառանգականը»  նորելուկ  լիներ քաղաքական դաշտում, նրա այս հայտարարությունը խակություն կարելի էր համարել: Մինչդեռ ոչ վաղ անցյալում` 2013-ին, երկրիս Նախագահի աթոռին հավակնող Հովհաննիսյանը պետք է  լավ իմանա` տարածքների կորստի համար  առաջին հերթին պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը: Ապրիլյան պատերազմին երկրի անվտանգության պատասխանատու գերատեսչության  ղեկավարը ՕՐՕ-ի անդամ, ընդդիմադիր կեցվածք որդեգրած  Սեյրան Օհանյանն է, ում հրաժարականը, ի դեպ 2013 -ի  ընտրություններին պահանջում էր  «Ժառանգության»  ղեկավարը: Իսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը, երևի արևմտյան հեռատեսությամբ,  շրջանցում է Օհանյանի  պատասխանատվությունը՝ նրա հետ դաշնակցելու պատճառով: Դե իհարկե, Հայաստանում ամենահեշտը իշխանություններին ու թիվ 1 իշխանավորին՝ Նախագահին մերկապարանոց քննադատելն է:

Լրատվամիջոցների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը անուղղակիորեն «խոցում է»  նաև իր նախկին հավատարիմ  կուսակիցներին, ովքեր լքեցին «Ժառանգությունը»՝ գաղափարախոսությունից շեղվելու համար: Ու այսօր  հերթական անգամ իրեն  ընդդիմություն հռչակած և  մի քանի պատգամավորական աթոռի  համար  նախկին նախարարներին կցված  ընդդիմադիր «Ժառանգականը» ՕՐՕ-ում «սպիտակ ագռավի» դերում է հայտնվել` առանց ընդդիմադիր իր կուսակիցների: