ԵԹԵ՛… ԵԹԵ՞…

Նախընտրական խոստումների շքահանդես

«Հաց բերող»  Արթուր Սարգսյանի մահը, ցավոք  սրտի,  քաղաքական ուժերը  նախընտրական շրջանում  օգտագործում են  ընդդեմ իշխանության  ձայներ շահելու համար:  «Հաց բերողի» մահվանից հետո արմատական տրամադրություններ ունեցողներն առաջարկեցին Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում` հաշվի առնելով նրա մասնակցությունն Արցախյան ազատամարտին:

 

Առաջարկը չընդունվեց:   Արթուր Սարգսյանին հուղարկավորեցին Շահումյանի գերեզմանատանը:  Պարզվում է, սակայն,  ազատամարտիկ, ՕՐՕ-ի անդամ Սեյրան Օհանյանը նախընտրական պոպուլիզմից հետ չի  մնացել: Նա ասել է, որ եթե  իշխանություն լիներ, ապա թույլ կտար Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում: 

Հետաքրքիր է` նախկին  չինովնիկը ո՞ր օրվանից է այսքան մարդասեր: Մի՞թե կարծում է, թե նրա անցած ճանապարհին քաջատեղյակների հիշողությունն այդքան կարճ է:

Արթուր Սարգսյանի վատառողջությունը նրա առաջին կալանավորման ժամանակ էլ հայտնի էր՝ երբ ներկայիս նախկին նախարարը դեռ պաշտոնավարում էր: Պաշտոնավարման ժամանակ այսքան ջերմեռանդությամբ նա չէր արտահայտվում մեկ այլ ազատամարտիկի՝  Վոլոդյա Ավետիսյանի մասին ևս, ով մինչ օրս պատիժ է կրում քաղաքական հայացքների համար (համենայնդեպս  Ավետիսյանն ու նրա փաստաբանն այդպես են պնդում):

Ոչ մի անգամ Օհանյանը  անգամ  մտահոգություն չի հայտնել, նախաձեռնությամբ հանդես չի եկել ` տեղեկանալու, թե մարտական ընկերոջ  ձերբակալությունը որքանով է իրավաչափ: Այսօր, սակայն, Օհանյանը  հիշում է ոչ միայն Արթուր Սարգսյանին, այլև մյուս իր մարտական ընկերներին, խոստանում նրանց հարցերով զբաղվել՝ իշխանության գալու դեպքում:

Ասել, թե  նախընտրական այս շիլափլավում միայն Օհանյանն է, որ խոստումներ է շռայլում՝ արդար չենք լինի: Իշխանության գահավորակին ժամանակավորապես «ամուսնացած» ՀՅԴ-ն, որն ամեն առիթով թմբակահարում է Սահմանադրության փոփոխությունը,  դժգոհում   երկրի վիճակից, տնտեսական քաղաքականությունից:  Ու հարց է առաջանում` իշխանության հետ կոալիցիա կազմելուց  և գործադիրում նախարարներ ունենալուց հետո ինչքանո՞վ են փոխել իրավիճակը, քանի անգամ  են «տոկի տվել » իշխող կուսակցությանը, հիշել կոալիցիոն  «բարաթի» մասին, որով պատասխանատվություն էին ստանձնել երկրի հիմքերն ամրացնելու, ժողովրդին սոցիալական ճգնաժամից դուրս բերելու համար:

Կարծում ենք`  առկա իրավիճակը լավագույն պատասխանն է այս հարցերի: