Ոմանք լռում են, ոմանք՝ կրակում

ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ՞ ԱՐԴՅՈՔ, ՈՐ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՀՐՈՍԱԿՆԵՐԻՆ

Հայկական կողմի համար վաղուց արդեն ու ոչ մի պահի անակնկալ չեն Ալիևի հպատակների կրակոցները՝ սահմանային բոլոր ուղղություններով: Ղարաբաղյան հակամարտության՝ այսպես կոչված մշտադիտարկողներին էլ պիտի որ չզարմացնի, որ իրենց ոչ միայն գոյությունն ընդհանրապես, այլև կոնկրետ ներկայությունը սահմանագոտում, որևէ ազդեցություն չունի Հայաստանն ու Արցախը թիրախավորած ադրբեջանցիների համար:
 
Լուրը, որ Ադրբեջանական կողմը, կրակոցներ արձակելով՝ խախտել է հրադադարի ռեժիմը ԵԱԿՀ առաքելության մոնիթորինգի անցկացման ժամանակ՝ հաստատել են և՛ Չինարիի գյուղապետը, և՛ ԱԳՆ մամուլի խոսնակը:
ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի կազմում է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։
 
Մեկնաբանելով ԵԱՀԿ առաքելության ներկայությամբ կատարված փաստը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե փորձագետները պետք է տեղում ուսումնասիրեն միջադեպի բոլոր հանգամանքները և իրենց խոսքն ասեն: Այս առնչությամբ հայտարարել է `մեկնաբանելով  ԵԱՀԿ առաքելության հրթիռային գործողության փաստը (տեղեկացրել է rambler.ru-ն):
 
- Իրավիճակի սրման, բարդությունների առաջացման դեպքում մենք կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ իրավիճակի լարումից և հավասարակշռվածություն պահպանել, ևառաջ շարժվել խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ,- ասել է Զախարովան:
 
Հարգելով հանդերձ դիվանագիտական ծայրահեղ զսպվածությունն ու հաշվի նստելով ղարաբաղյան հակամարտությանը կոնկրետ գնահատականներ տալու անշտապողականության հետ՝ միևնույն է, դժվար է ընկալել արդեն քանի տարի հնչող նույն կոչերը: Թերևս դա ոչ թե անընկալելի է, այլ պարզապես միակողմանի (ինչո՞ւ ոչ՝ նաև հովանավորչական միտում պարունակող): 
 
Մնում է մի կոչ էլ մենք ուղղենք նրանց, ումից ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորում ենք ակնկալում.  
 
- Ճշմարտությունը մեկն է, ու այն տեսանելի է բոլորին: Ու եթե շա՜տ անկեղծ, ապա այսօրվա կրակոցները հենց դիտարկողներին էին ուղղված՝ ասելու, որ ալիևները ոչ մեկի, այդ թվում նաև ԵԱԿՀ առաքելության ներկայացուցիչների հետ հաշվի չեն նստում:
 
Իսկ գուցե այսօրվա կրակոցներով էլ ԵԱԿՀ առաքելության լռությո՞ւն էին որոշել խախտել ադրբեջանցիները: