Արդյո՞ք հենց այս մայրուղին նկատի ուներ Հոգլանդը

Ո՞ՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ԷՐ ՀՈՒՇՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

Երեկ պաշտոնապես շահագործման հանձնվեց Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը: 114․6 կմ երկարությամբ ճանապարհն ունի և ավելի քան 10 մետր լայնությամբ ռազմավարական նշանակության նոր մայրուղու անհրաժեշտության մասին խոսելն իսկ ավելորդ է, և միանգամայն հասկանալի էր այն ուրախությունը, որը պարուրել էր ոչ միայն դրա պաշտոնական բացման մասնակից պաշտոնյաներին, այլև այսուհետ այդ մայրուղիով երթևեկողներին:
 
Սակայն տոնախմբությունն ակամա վերհիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունը  (նրա համար, իսկապես, վերջինը՝ ՄԽ համանախագահի պաշտոնում).  
 
- Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը: 
 
Արդյո՞ք հենց այս մայրուղին նկատի չուներ՝ ակնհայտորեն ադրբեջանցիներին հաճոյանալ կամ հուսադրել փորձող Հոգլանդը:
Իրականում, այո՛, ոչ մի նոր բան չկար նրա արտաբերած հրաժեշտի խոսքերում. պարզապես Մադրիդյան սկզբունքները նա այնպես վերաշարադրեց, որ մղեց տողատակեր որոնել: Դիցուք, դա հայ հասարակությանն ուղղված հուշո՞ւմ էր, թե՞ ադրբեջանցիներին կամեցավ ասել, որ ինքը մնում է Ղարաբաղյան խնդրի՝ ի շահ նրանց լուծման կողմնակից:
 
Կամ՝ ի՞նչ նկատի ունի համանախագահն ասելով՝
 
- Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի... 
 
Իսկ անցյալ տարի ապրիլյան պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած ղարաբաղյան տարածքնե՞րը: 
Մի խոսքով, որքան էլ Հոգլանդի ասուլիսային հայտարարությունը և Մադրիդյան սկզբունքներ կոչվող 10-ամյա վաղեմության փաստաթուղթը համարենք այսօրվա իրականությունից կտրված, միևնույն է՝ դրանք կյանքի կոչելու ուղղությամբ ջանացողներ կան:
 
Արցախի հանրապետությունն այսօր տոնում է իր ինքնիշխանության 26-րդ տարելիցը՝ ասես ի կատարում նաև հանուն ա՛յս օրվա իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած մեր նահատակների լուռ պատգամի: