Թե՛- Թե՛-ն նաև ռազմաքաղաքական ոլորտում

ՄԵԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՄՅՈՒՍԻ ԴԵՊՔՈՒՄ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Իրարամերժ կարծիքների նոր բախում է առաջացրել Հայաստանի հրաժարումը՝ այսօր Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» մասնակցությունից: Զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը։ 
 
Բուռն քննարկումների թեմա դարձած այդ խնդրի առնչությամբ իր մեկնակետն է ներկայացրել Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆԸ:
 
Անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին. 
 
- Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել։
 
Այս հայտարարության բովանդակային տարբաղադրումը հետևյալ կետերում է ամփոփում մեր պաշտոնական ռազմաքաղաքական հայեցակարգը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող երկու բևեռային միավորների նկատմամբ.
 
ՀԱՊԿ-ի առնչությամբ՝ ՀՀ-ի զինված ուժերն ու ՀԱՊԿ-ի համակարգը փոխադարձաբար ունեն շատ կարևոր նշանակություն։ Այստեղ շեշտվել է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ  անվտանգության ընդհանուր համակարգում. այս նշանակությունը որակվել է նույնիսկ առանցքային։
 
ՆԱՏՕ-ի առնչությամբ՝ նշվել  են երեք ուղղությունները (քաղաքական, ժողովրդավարական և խաղաղար առաքելություններ) և շեշտվել է ՀՀ լայն համագործակցությունը հավասարապես այս երեք ուղղություններով։
Բացատրությունների հիմնական նպատակն այն է, որ Վրաստանում կայացած զորավարժություններին հայկական կողմի չմասնակցելը չպետք է քաղաքականացված մեկնաբանությունների դուռ բացի։
 
Անդամակցելով ՀԱՊԿ-ին, բայց ոչ ՆԱՏՕ-ին, այսուհանդերձ պաշտոնական Երևանը  շարունակում է հավասարակշիռ և, այս դեպքում, երկկողմ հարաբերությունները։ Ուղղությունների հավասարակշիռ պահպանման այս վարքագիծը թե՛ ռազմաքաղաքական, թե՛ դիվանագիտական և թե՛ ընդհանրապես միջազգային հարաբերություններում առանցքային բնույթ է ստացել հայկական կողմի համար։ 
 
Աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում կիրառվող աշխարհաքաղաքականությունը, տարբեր պետությունների շահագրգռվածության նշաձողի անվերջանալի բարձրացումը, անտանգության հետ առնչված տարբեր իրադարձությունների արձանագրումը՝ հանգամանքներ են, որոնք հաշվի են առնվում հայկական կողմից և մղում են, որ նշված ոլորտների վերաբերյալ մշակված հայեցակարգերում ներառվեն։
 
Նախապես չհայտարարելով՝ պիտի մասնակցի՞ Վրաստանում կայացող զորավարժություններին, թե՞ ոչ, համապատասխան գերատեսչությունը որոշել է այս հանգրվանին չմասնակցել։ Իհարկե, որոշումը, բնականաբար, կունենա իր պատճառականությունը։ 
 
Եվ եթե ռազմաքաղաքական մի բևեռային միավորի հետ համագործակցությունը առանցքային բնույթ ունի, մինչ երկրորդի դեպքում՝ երկարամյա և լայն ձևաչափ, դա, բնականաբար, ենթադրում է, որ առանցքայինի նման բոլոր ծրագրերին ինքնաբերաբար մասնակցություն չի արձանագրվում։
 
Այստեղ կա տարբերություն, որը բացատրվում է ռազմական, քաղաքական, դիվանագիտական և ապահովական հարթությունների վրա տիրող իրավիճակներով ու դրանցից մեկնած կայացած անդամակցություններով։ Մեկի դեպքում լիարժեք անդամակցություն է, մյուսի դեպքում՝ համագործակցություն։
 
Այս հանգամանքները նկատի ունենալով արտառոց երևույթ չպետք է փնտրել ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններից մեկին Երևանի չմասնակցելու որոշման մեջ։ Այս բոլորով հանդերձ՝ այս ոլորտում ևս թե՛, թե՛-ն  կիրառվում է հայկական կողմից։