Խղճի ու բարոյականության օրենքներն են տկարացել

Լուրերի հարահոսը պատմում է նաև բազմաթիվ անհեթեթ պատահարների մասին, որոնք, այդուհանդերձ, կյանքի շատ կարևոր կողմերին են վերաբերում ու ծանր մտքերի տեղիք տալիս: Մոսկովյան կայքերից մեկը (moslenta.ru), օրինակ, պատմել է խանդոտ ամուսնու արարքի մասին, որն ի վերջո սեփական կյանքն է արժեցել: 
 
Այս առումով մեզ համար ամենացավալին Հայաստանում տիրող իրավիճակն է, որը, դատելով վերջին շաբաթվա իրադարձություններից՝ ներքաշում է դեպի կացնով ու կրակոցներով հարցեր լուծելու «բարոյական» միջավայր: 
 
Ո՞վ չգիտի, որ խմած մարդու գիտակցությունը խամրում է, իսկ երևակայությունը «պայծառանում» այնքան, որ կարող է չեղած բաներն իրականության համարել: 27-ամյա այս տղամարդն էլ մի լավ կոնծած երեկոյան տուն է վերադարձել՝ համոզված, որ իր բացակայությամբ կինը զվարճանում է սիրեկանի հետ: Տանը տեսել է, որ կինն ընկերուհու հետ է, սակայն աչքերին չի հավատացել և սկսել է ենթադրյալ սիրեկանին որոնել որսորդական հրացանը ձեռքին: Ոչ մի սիրեկանի չհայտնաբերելով՝ նա նույն հրացանով ինքնասպան է եղել: 
 
Երեք չարիք՝ ալկոհոլը, հրազենն ու խանդը, մի մասնավոր ողբերգության պատճառ են դարձել: 
 
Ցավոք՝ նման մասնավոր դեպքերն այնքան են ավելացել, որ արդեն համընդհանուր չարիքի են վերաճել: Աշխարհի 7 միլիարդից ավելի բնակչության համար նման դեպքերն արդեն ուղղակի սովորական են դառնում՝ կյանքի անբաժանելի բաղադրիչ: 
 
Մեզ համար ամենացավալին Հայաստանում տիրող իրավիճակն է, որը, դատելով վերջին շաբաթվա իրադարձություններից՝ ներքաշում է դեպի կացնով ու կրակոցներով հարցեր լուծելու «բարոյական» միջավայր: Ու որն է զարմանալին՝ հայ մարդը ծանոթ-բարեկամի, անգամ մերձավոր հարազատի վրա զենք բարձրացնելը չի դատապարտում, սկսում է ամենատարբեր արդարացումներ գտնել: Եթե զենքի հասանելիության մեր ժամանակներում նման մոտեցումն արդարացվի, ի՞նչ կարող ենք ակնկալել: Չէ՞ որ մարդկային հարաբերություններում միշտ էլ վեճեր, անհամաձայնություն, պարտքուպահանջ լինելու են: Ուրեմն ամեն անգամ խնդիրը զենքո՞վ պետք է լուծել: 
 
Ալկոհոլի ազդեցությամբ աքլորացած 27-ամյա մոսկվացին իր կյանքով հատուցեց:
Ու միշտ էլ հատուցումը կյանքով է լինելու՝ լինի զոհի, դահճի, թե մի երրորդ անձի: 
 
Հնում չգրված օրենքներ էին գործում՝ խղճի ու բարոյականության օրենքներ, որոնցով հասարակական կյանքն ավելի ճիշտ էր կազմակերպվում: Երևում է՝ այն, ինչը գրավոր տեսք է ստանում, ավելի հեշտ է խախտվում: Բայց եթե մարդը խղճով ու բարոյականությամբ չի ապրում, նա ինչո՞վ է տարբերվում սխալ ծրագրավորված զանազան մտածող սարքերից, որոնցից մարդկությունը խելամտորեն սկսել է զգուշանալ: