Սեփականացնում են, որ ավերե՞ն

ԲՆՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԴՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՍԱԿԸ

Երևանցիների մի քանի սերունդների բազմաթիվ ներկայացուցիչներ հրաշալի հիշողություններ ունեն մանկական երկաթուղու ներքևում՝ Զանգվի ափին կառուցված լողավազանի մասին: Վճարելով 20 կոպեկ՝ կարող էիր ամբողջ օրն անցկացնել այդտեղ. բոլոր հարմարությունները կային՝ հանգստանալու, լողալ սովորելու, լողալու հաճույքը վայելելով՝ ամառվա տապից պաշտպանվելու համար:
 
Գալիս էին ընտանիքներով, հանգստանում ծառերի ստվերներում: Թոռներիս հետ հեծանիվներով շոգ եղանակին համարյա ամեն օր այդտեղ էինք գնում: Հիշում եմ մի այսպիսի դեպք: Թոռնիկս՝ Արեգը, դժգոհեց լողավազանի արտաքնոցի կեղտոտությունից: Լողավազանի աշխատող Խաչիկի հետ միասին վերցրինք բահեր, ցախավել և դույլեր ու մաքրեցինք արտաքնոցը: Հետո դռան վրա կատակախառն մի հայտարարություն գրեցի, թե ինչպես օգտվել արտաքնոցից, որ շուրջբոլորը չաղտոտեն:
 
Իշխանափոխությունից հետո լողավազանը ևս սեփականացվեց, գինը դարձավ 200 դրամ: Մատչելի գին էր, նույն աշխույժով էին շարունակվում այցելությունները: 
 
Տարիներ հետո՝ մի քանի օր առաջ գնացի մեր գեղեցիկ հուշերի անկյուն լողավազան: Եվ այն, ինչ տեսա՝ լացահարույց էր: Մնացել էին պատերի հազիվ նկատվող մնացորդներ.  նախկին հյուրընկալ լողավազանի հետքն անգամ չկար: Պարզվեց՝ ինչ-որ անհոգի, մարդանման հայ համարվող էակներ, ինչ-ինչ նպատակներով գնել են լողավազանը, քանդել ու այդպես էլ քանդված թողել: Անհասկանալի է, թե ինչն է դրդել նրանց՝ քարուքանդ անել լողավազանն ու ավերակ դարձնել: Չգիտես նզովք, թե Պարույր Սևակի ասած, մի թունդ առնական հայհոյանք հասցեագրես նման մարդաման էակներին և նրանց հովանավորող պաշտոնյաներին:
 
Այս երևույթը, դժբախտաբար, տարածված է Հայաստանում: 
Այսօր էլ քննարկվում է Հայաստանի բնության համար մանր ՀԷԿ-երի վտանգավորության խնդիրը: Նույն մարդանման հայ էակները շահամոլությունից դրդված՝ լեռնային գետերը բանտարկում են խողովակներում՝ ոչնչացման դատապարտելով ջրազրկված լեռնային բուսականությունը: Կարելի է ամեն օր տեսնել Երևանի օդային տարածքում քամու ուժով սավառնող ցելոֆոնի բազմաթիվ տոպրակներ: Դրանք, այդպես էլ քաղաքացի չդարձած, քաղաքաբնակ երևանցիների դեմքն են: 
 
Այսպե՞ս ենք ապրելու 21-րդ դարում: