Դեմ չի՞ լինի Երևանը, որ թուրքական անցակետը կոչվի Թալեաթի անունով
ՀՀ ԱԳՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑՄԱՆԸ
Sputnik Արմենիան պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը։ https://arm.sputniknews.ru/20250719/
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Միլի Մեջլիս է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ (Լավ կուսակցություն) կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել է այդ կուսակցության 28 պատգամավոր:
Sputnik Արմենիան ՀՀ վարչապետի անունով պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը, մասնավորապես՝ Հայաստանը կհամաձայնի՞, արդյոք, այդ վերանվանմանը սահմանի բացման դեպքում, և ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել երկրի կառավարությունը։
Հարցումը վերահասցեագրվել է ՀՀ ԱԳՆ, որտեղից էլ ստացվել է պատասխանը․
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշվում է հարցման պատասխանում։
Sputnik Արմենիան ընթերցողներին նաև հիշեցրել է, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն է եղել։ 1921թ. մարտի 15-ին նա Բեռլինում գնդակահարվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի ձեռքով: Գերմանիայի դատարանում Թեհլիրյանը հայտարարել է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Գերմանական դատարանն արդարացրել է Թեհլիրյանին։





