Այդ ինչ խորհրդավոր բնաջնջում է տեղի ունեցել 100-200 հազ. տարի առաջ

1-2 ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՌԱՋ ԼԻՈՎԻՆ ՆՈՐԱՑՎԵ՞Լ Է ԵՐԿՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Գիտնականներ Մարկ Շթեկլը և Դավիդ Թալերը իրենց ուսումնասիրությունների ճանապարհին հանգել են մի եզրակացության, որն իրենց համար նույնպես մեծ անակնկալ է եղել: Մեծաքանակ նյութ ուսումնասիրելով՝ նրանք համոզվել են, որ 100-200 հազար տարի առաջ մեր մոլորակի վրա տեղի ունեցած ինչ-որ իրադարձության պատճառով քիչ է մնացել կյանքը լիովին ոչնչանա: Իսկ Երկրի համարյա ամբողջ կենդանական աշխարհը հենց այդ ժամանակից է սկիզբ առել:
 
Այս պատմության մեջ ամենաուշագրավը մարդու գոյությունն է: Նրանք hանգել են այն կարծիքին, որ  այսօրվա ամբողջ մարդկությունը ծագում է մարդկային մեկ զույգից, որն ապրել է մոտավորապես 100-200 հազար տարի առաջ:
 
Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանից Մարկ Շթեկլի և Շվեցարիայի Բազելի համալսարանից Դավիդ Թալերի այս հետազոտությունը հրապարակվել է «Human Evolution» ամսագրում: .
 
Գիտնականները հետազոտել են 5 մլն կենդանի էակների «շտրիխ կոդերը»: Դրանց թվում եղել են հազարավոր տեսակների ներկայացուցիչների, այդ թվում՝ մարդկանց տվյալներ: Հետազոտության հեղինակների խոսքով՝ 100 հազ. տարի առաջ մարդկությունն այնպես է բնաջնջվել, որ ողջ է մնացել լոկ մեկ զույգ: Իսկ ահա մնացած կենդանի էակների բախտն ավելի է բերել: Դրանցից միայն 10-ից 9-ն է ոչնչացել: Եվ ուրեմն, ըստ Շթեկլի ու Թալերի՝ մոլորակի ամբողջ կենդանական աշխարհի 90%-ը ծագում է նրանցից, որոնք ապրել են առավելագույնը 250 հազ. տարի առաջ և ողջ են մնացել առեղծվածային աղետալի իրադարձությունների ժամանակ: 
 
- Դա շատ զարմանալի եզրակացություն է, և ես տևական ժամանակ չէի կարողանում այն ընդունել,- խոստովանել է Թալերը: 
 
Ուսումնասիրության համար անհրաժեշտ գենետիկական նյութը գիտնականները վերցրել են աշխարհի՝ մեծ արագությամբ բազմացող գենետիկական պահեստարաններից՝ այդ ընթացքում ուսումնասիրելով էվոլյուցիայի տեսության մասին մեծաքանակ գրականություն, որոնց թվում՝ նաև Դարվինի աշխատությունները: 
 
- Այն պարագայում, երբ մարդիկ այդքան մեծ նշանակություն են տալիս իրենց անհատական և խմբային տարբերություններին, գուցե արժե, որ մենք ժամանակը ծախսենք միանգամայն այլ բանի վրա: Նրա վրա, որ մենք իրար շատ նման ենք: Ու նաև մնացած կենդանական աշխարհի ուսումնասիրության վրա,- կարծիք է հայտնել Շթեկլը: 
 
Գիտնականների եզրակացությունը նոր առեղծված է առաջ բերում այն մասին, թե այդ ինչ խորհրդավոր բնաջնջում է տեղի ունեցել 100-200 հազ. տարի առաջ: Ծավալներով դրան նման բան կատարվել է մեկ էլ 65 մլն տարի առաջ: Այն ժամանակ ոչնչացել են բոլոր դինոզավրերը: Գիտությունը սովորաբար դրա պատճառ է համարում հսկայական երկնաքարի անկումը: Իսկ ա՞յս դեպքում ինչ մեղավոր կա: Մանավանդ՝ այս դեպքում մարդկությունն իր գոյությունն սկսել է գործնականում 0-ից: 
 
Գիտնականները նաև զարմանում են, որ մարդը կենդանիներին շատ նման է ստացվել: 
 
- Եթե Երկրի վրա վայրէջք կատարեին եկվորները և պինգվիններ տեսնեին, իսկ հետո հանդիպեին մարդկանց, դժվար թե նրանց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն հետազոտելով՝ այդ երկուսի միջև մեծ տարբերություն նկատեին,- նշել է Ռոքֆելերի համալսարանի մեկ այլ գիտնական՝ Ջեսի Աուսուբելը: 
 
- Մշակույթը, կենսափորձը և այլ բաներ կարող են մարդկանց շատ տարբեր դարձնել, սակայն հիմնարար կենսաբանության տեսանկյունից մենք գործնականում նույնն ենք, ինչ որ թռչունները,- ասվածին հավելել է Շթեկլը: 
 
Միտոքոնդրիալ ԴՆԹ-ն սերնդեսերունդ փոխանցվում է միայն մորից, և դրա ուսումնասիրությունը բացահայտում է, որ  մարդը բնավ էլ բացառիկ չէ: 
 
- Կարելի էր կարծել, որ աշխարհագրական տարբեր պայմաններում ապրող բազմաքանակ մարդկությունը կարող էր, մյուս տեսակի կենդանիների հետ համեմատած, ավելի մեծ գենետիկական բազմազանություն դրսևորել: Սակայն միտոքոնդրիալ ԴՆԹ-ի համաձայն՝ մարդու գենետիկական բազմազանությունը ցածրից դեպի միջինն է,- իր միտքն է առաջ տարել Շթեկլը: 
 
Ուշագրավ է, որ որոշ կրոնական խմբեր սխալ են ընկալել այս ուսումնասիրության արդյունքները՝ հայտարարելով, թե այն իբր ապացուցում է, որ մարդկությունն ու կենդանական աշխահը միասնական «մեծ պայթյունից» ծագել են 100 հազ. տարի առաջ: Ուրիշներն էլ այդ ապացույցների մեջ տեսել են Նոյյան տապանի և համաշխարհային ջրհեղեղի առասպելը:
 
Իրականում Շթեկլի և Թալերի հետազոտությունը ցույց է տալիս, որ մոտ 100-200 հազ. տարի առաջ Երկրի ամբողջ մարդկությունը և կենդանական աշխարհը ասես միաժամանակ «նորացվել» են: 
 
Ի դեպ, լրատվամիջոցները մի քանի տարի առաջ հրապարակեցին մի հետազոտության արդյունքներ, որը ցույց էր տալիս, որ «միտոքոնդրիալ Եվան» 200 հազար տարի առաջ է ապրել: Ասել կուզի՝ մեր մոլորակի մարդկության նախամայրը հենց այդ ժամանակ է ծնունդ  տվել բանական արարածների սերունդներին: