Հայաստանը ևս ունի քաղցրահամ ջրի խնդիր
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԸ ԿԱՄ ՄԱՍՐԻԿԻ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ ՋՐԻ ԱՆԽՆԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻՋԵԼ Է ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Ջրի խնդիրը տարածաշրջանում սրվում է: Ջրային պատերազմները մոտենում են: Տարածաշրջանի երկրները պատրաստվում են մեծ անապատացմանը: Ումիա լիճի ավազնանն արդեն ամբողջությամբ ցամաքած է։ Խնդիրն այնքան օրհասական է, որ Իրանի նախագահը պատրաստվում է տեղափոխել մայրաքաղաք Թեհրանը:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատել է՝ թեև Երկիր մողորակի մակերևույթի 71% -ը պատված է ջրով, այնուամենայնիվ, աշխարհի երկրներն ունեն ջրի խնդիր, հատկապես՝ խմելու։ Դա, ըստ փորձագետի, պայմանավորված է նրանով, որ ջրի 94 %-ը կենտրոնացված է Համաշխարհային օվկիանոսում, իսկ այդ ջուրը մարդու օգտագործման համար պիտանի չէ՝ աղի է։
- Ջրային ռեսուրսի ընդամենը 5-6%-ն է տեղակայված ցամաքային տարածքում, այն էլ՝ մարդու համար դժվար հասանելի է. դրանք սառցադաշտերն են, լեռնային բարձրադիր գոտիների ձնածածկ տարածքները,- նշում է Վարդուհի Մարգարյանը։
- Մարդուն հասանելի քաղցրահամ ջրի ծավալը կազմում է ընդամենը 1-2 %, որն էլ իր հերթին տարածաժամանակային առումով տեղաբաշխված է խիստ անհամաչափ: Հետևաբար, աշխարհի երկրների զգալի մասում նկատվում է քաղցրահամ ջրի լուրջ խնդիր,- շարունակում է Վարդուհի Մարգարյանը։
Կլիմային փոփոխությունը արագացնում է ջրի խնդիրը, որից խուսափել չի կարող նաև մեր տարածաշրջանը։ «Կարևոր է ջրապահովվածություն ցուցանիշ հասկացությունը, որն իրենից ներկայացնում է մեկ մարդուն բաժին ընկնող ջրի տարեկան ծավալը: Երկրի վրա մեկ մարդուն միջին հաշվով բաժին է ընկնում 24,6 հազ. մ3 քաղցրահամ ջուր։
Ջրային ռեսուրսների ընդհանուր ծավալը ՀՀ-ում կազմում է 7 կմ3/տարի, Ադրբեջանում 19 կմ3/տարի, Վրաստանում՝ 65 կմ3/տարի, իսկ Թուրքիայում ու Իրանում՝ 97-98 կմ3/տարի։
Ջրապահովվածությունը Հայաստանում և Ադրբեջանում կազմում է 2․3-ից 2․5 հազ. մ3/մարդ, Իրանում և Թուրքիայում՝ 1․2-1․3 հազ. մ3/մարդ, Վրաստանում՝14․4 հազ. մ3/մարդ»։
Վարդուհի Մարգարյանը նաև նկատում է՝ թվում է, թե Թուրքիան ու Իրանն ունեն ջրային ավելի շատ ռեսուրս, սակայն իրականում այդպես չէ, քանի որ մարդկանց քանակն է շատ։
Ջրային ռեսուրսները տարվա կտրվածքով ևս խիստ անհամաչափ են բաշխված։ Հայաստանում ջրի պահանջարկը մեծ է ամառային սեզոնին, այն դեպքում, երբ ջրի մեծաքանակ հոսքը գետերում լինում է գարնանը կամ աշնանը։
«Խմելու ջուրը ստորերկրյա ջրերն են, որոնք ունեն բարձր որակ։ Հայաստանը ևս խնդիր ունի խմելու ջրի, որովհետև , օրինակ՝ Արարատյան արտեզյան ավազանները կամ Մասրիկի դաշտավայրում ջրի անխնա օգտագործման հետևանքով իջել է ստորերկրյա ջրերի տեղակայման մակարդակը։ Հիմա Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մակարդակը իջել է 10 մետր, արդյունքում՝ նախալեռնային շրջանում բնակավայրեր կան, որոնք զրկվել են խմելու ջրից»։
Կլիմայի փոփոխության հետևանքով տարածաշրջանի գետերի հոսքը նվազել է, Սևան մուտք գործող գետերն էլ են ցամաքում։ Իրավիճակից ելքը նոր տեխնոլոգիաների կիրառումն է, նոր ջրամբարների կառուցումը։ Թուրքերն այժմ կառուցում են մի քանի նոր և մեծ ծավալ ունեցող ջրամբարներ: Դրանք ունեն ավելի քան 1 մլրդ խորանարդ մետր ծավալ և կառուցվում են Արաքսի ու նրա վտակների վրա։ Սա նշանակում է, որ Արաքսի ջրի հոսքը կնվազի և Հայաստանը կունենա Ախուրյանի ջրամբարը լցնելու լուրջ խնդիր։
Հարթավայրային Ադրբեջանն էլ տարիներ շարունակ ահազանգում էր, որ ամենասակավ ջրային ռետուրսներն ունի։ 44-օրյա պատերազմից հետո հայտարարեցին՝ կարողացան վերականգնել ջրային ռեսուրսների 30 %-ը։ Իրանն էլ ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործելով՝ կանգնել է անապատացման վտանգի առաջ։
Ջրային ռեսուրսների մասնագետ Վարդուհի Մարգարյանը նկատում է՝ կլիմայի փոփոխության պայմաններում ջրի վերականգնման պրոցեսը երկարել է։ Ուումնասիրությունները ցույց են տվել, որ 100 տարվա կտրվածքով տարածաշրջանում քաղցրահամ ջրի ռեսուրսները կկրճատվեն 30 տոկոսով:
Զարմանալի չէ ջրի համար խելահեղ պայքարը։ Փորձագետները փաստում են՝ ապագայում կյանքն ու կռիվը կլինի ջրի համար:





