«Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք». Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԴՐՎԵԼՈՒ Է ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՍԿԻԶԲԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներին համատեղ իրականացվող մեծածավալ աշխատանքների համար և նշել.
 
- ԿԶՆԱԿ-ի դերը կրթության բովանդակային գործընթացում շատ մեծ է, ինչը յուրաքանչյուրիս համար մեծ պատասխանատվություն է, բայց նաև հնարավորություն՝ բովանդակության և որակական փոփոխությունների վրա դրականորեն ազդելու առումով: 
 
Ըստ նախարարի՝ Տավուշի մարզում իրականացված հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ բոլոր փոփոխությունները գալիս են համբերատար և հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչը պետք է կրկնապատկել առաջիկայում՝ 2023 թ. սեպտեմբերից չափորոշիչների փուլային ներդրմամբ: 
 
- Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք. սեպտեմբերից դրվելու է չափորոշիչների փուլային ներդրման սկիզբը: Ցանկանում եմ ընդգծել, որ նախապատրաստական աշխատանքների որակը շատ ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք գործնական փուլում  խուսափել մեզ արդեն ծանոթ խնդիրներից ու դժվարություններից,- ասել է Ժաննա Անդրեասյանը: 
 
Քննարկմանն ընդգծվել է վերապատրաստումների ընթացքում արձանագրված խնդիրների լուծման մեթոդաբանության մշակման, աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություների, նոր առաջարկների անհրաժեշտությունն ու իրականացման կարևորությունը: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ իրականացվող աշխատանքների ծավալը հնարավոր է կրճատել՝ մենթոր դպրոցները զարգացնելով, ինչը հնարավորություն կտա խնայել ռեսուրսները և սերտացնել դպրոցների միջև կապը: 
 
Հանդիպման ընթացքում աշխատակիցները նախարարին են ուղղել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: