«Քույր դպրոցներ»

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ «ՔՈՒՅՐ ԴՊՐՈՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ծրագրի նախաձեռնող և կազմակերպիչ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում: Նախքան համերգն ու վարպետության դասերը՝ հյուրերը կայցելեն Կոմիտաս թանգարան-ինստիտուտ, կծանոթանան հաստատության գործունեությանը, կունկնդրեն Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ ամենամյա մրցույթ-փառատոնի «Երգչախումբ» անվանակարգի մրցելույթները:
 
- Ծրագրի 2023 թվականի գարնանային շրջափուլում նախատեսված են ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների այցելությունները Երևան, որտեղ, իրականացվելիք հագեցած ծրագրի շրջանակում, մշակութային կրթության ոլորտի մարզաբնակ սովորողները հանդես կգան ելույթներով, կմասնակցեն վարպետաց դասերին, կայցելեն թանգարաններ, Երևանի տեսարժան վայրեր,- նշում են ծրագրի նախաձեռնողները։ 
 
Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրն առաջին անգամ իրականացվեց 2019 թվականին: Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված ծրագիրն ինքնատիպ երևույթ էր մշակութային կրթության ասպարեզում: Ծրագրի շնորհիվ Երևանի և Հայաստանի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները հնարավորություն ունեցան մեկտեղելու իրենց կարողությունները, հանդես գալու համատեղ ստեղծագործական ծրագրերով, իսկ մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար ծրագիրը դարձավ փորձի փոխանակման, խորհրդատվության, կարևոր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և առաջարկություններ ներկայացնելու մշտառկա ու գործող հարթակ:
 
Նպատակ ունենալով նպաստել մշակութային կրթության բնագավառի շարունակական զարգացմանը, ծրագիրը նոր լիցքեր հաղորդեց գեղարվեստական կրթության ոլորտին՝ կարևոր քայլ հանդիսանալով ոլորտում ստեղծված բարիքների բաշխման համահարթեցման, մշակութային կրթության զարգացման առկա մարտահրավերներին միասնաբար դիմակայելու նպատակով պետության կողմից իրականացվող ձեռնարկների իրագործման ուղղությամբ: 
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ծրագիրն ընդգրկվեց ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր,-նշում են ծրագրի նախաձեռնողները։ 
 
2019թ.-ից իրականացվող ծրագիրը տարեցտարի ընդլայնել է աշխարհագրությունն ու բազմապատկել շահառուների թիվը: 2022 թվականին ծրագրին մասնակցություն բերեցին հանրապետության շուրջ 60 երաժշտական և արվեստի դպրոցներ, իսկ շահառուների թիվը կազմեց ավելի քան 500 սովորող և մանկավարժ: 
2022 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կայացավ ծրագրի գալա համերգ-ցուցահանդեսը, որի ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի մշակութային կրթության ոլորտի շուրջ 300 շահառուներ իրենց կատարումներով և աշխատանքներով հանդես եկան մայրաքաղաքում: