Նոր իրավակարգավորում՝ կրկնակի վերահսկողությամբ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հայտնի է, որ սոցիալական փաթեթի շահառուները հաճախ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և ստիպված են լինում հերթագրվել ու ամիսներով սպասել: 
 
Բժշկական հաստատություների միջև պետական բյուջեից հատկացվող միջոցների  նախապես բաշխման պարագայում մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում էին օրացուցային տարվա ավարտից ավելի շուտ:
 
ՄԵկ այլ հանգամանք՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու համար շահառուները, բացի իրենց տեղամասային պոլիկլինկայից, չեն կարող դիմել որևէ այլ բժշկական հաստատություն:
 
ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների՝ ստանալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ 
 
Այս նպատակով ծախսվող ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և դրանց առավել արդյունավետ ծախսելու նպատակով բուժօգնության տրամադրումը կիրականացվի առողջության ապահովագրության միջոցով: 
 
Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով գործընթացը հստակ կանոնակարգվել է։ Սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ապահովագրական պայմանագրի ձևը, բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման (կցագրման) և վերաբաշխման բազմագործոն համակարգը, որում ներառված են ինչպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման ցուցանիշները, այնպես էլ փաստացի մատուցված ծառայությունների որակական ցուցանիշները: 
 
Արդյունքում` պետական հիմնարկներում և կազմակերպություններում աշխատող շուրջ 100,0 հազար շահառուն, ծրագրով նախատեսված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ կանխարգելիչ բժշկական քննությունը, կանցնեն միայն անձը հաստատող փաստաթղթով դիմելով ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն: 
 
Նոր իրավակարգավորման պայմաններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը կնպաստի ներդրվող կրկնակի վերահսկողությունը։ Նոր մեխանիզմով, Առողջապահության նախարարությունից զատ բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը՝ որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ: