Դադարեցնել քաղաքական հետապնդումը և ազատ արձակել Ա. Ղուկասյանին

ԱԼԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

13 սեպտեմբերի, 2017
 

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խիստ մտահոգված է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի` ավելի քան 12 ամիս տեւող կալանքով։
 

Անդրեաս Ղուկասյանն ազատազրկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը Սարի-Թաղում հատուկ միջոցներ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ այնուհետեւ հավաքի մասնակիցներին, լրագրողներին ենթարկեց ֆիզիկական բռնությունների եւ հետապնդումների:  

Հետագայում ոստիկանությունն ուժի կիրառումը հիմնավորեց զանգվածային անկարգությունները կանխելու անհրաժեշտությամբ: Այս նույն՝ զանգվածային անկարգությունների կանխումը դրվեց նաև քաղաքական ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական հետապնդումներ իրականացնելու հիմքում: Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար, և նրանց նկատմամբ կալանքը կիրառվեց  որպես խափանման միջոց: Ներկայումս Ա. Ղուկասյանը վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկված միակ անձն է, որի կալանքը չի փոփոխվել, և որը շարունակում է մնալ անազատության մեջ:

Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են ավելի քան 16 դռնփակ դատական նիստերի ընթացքում: Ըստ Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի` իր պաշտպանյալը զրկվել է իրեն մեղսագրվող արաքներից պաշտպանվելու համար իր ապացույցները քննության ենթարկելու հնարավորությունից, իր կողմից ներկայացված 31 միջնորդությունները մերժվել են:

Ավելի վաղ Հյուման Ռայթս Վոթչ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ իշխանություններին կոչ էր արել վերանայել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքի պահանջը և նրան ազատ արձակել: 

Զուգահեռաբար, ներպետական դատարանները Անդրեաս Ղուկասյանի հետ նույն հիմքով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ մասնակցելու համար քրեական հետապնդումների ենթարկված մյուս անձանց` Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի և Արմեն Մարտիրոսյանի կալանքը փոխարինել են գրավով և նրանց ազատ արձակել: Այս անձինք` որպես քաղաքական ընդդիմադիր գործիչներ, առանձնացվել են միջազգային կազմակերպությունների կողմից, և վերջիններիս ճնշման ներքո նրանց խափանման միջոց կալանքը փոխվել է  գրավով:

Մինչդեռ, ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել նրան, թե արդյո՞ք Անդրեաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Ստանալով Անդրեաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառված կալանքը շարունակելու վերաբերյալ:

Ավելին, 2017 թվականի ապրիլի 19-ին նախաքննության մարմինն ավելացրել է Անդրեաս Ղուկասյանին առաջադրված բողոքի ծավալները` նրան մեղադրելով նաև շենքեր, շինություններ գրավելու, պատանդ վերցնելու, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու փորձի մեջ: Անդրեաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործն անջատվել է մյուսների մասով քրեական գործից, և 2017 թվականի օգոստոսի 2-ից սկսվել է դատաքննությունը:

Մեղադրանքի ծավալներն ավելացնելու համար նախաքննության մարմնի համար հիմք են հանդիսացել ոստիկանության կողմից ներգրավված երկու վկայի ցուցմունքները: Ըստ այդ ցուցմունքների՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Ազատության հրապարակում իր ելույթից հետո Անդրեաս Ղուկասյանը մոտեցել է վկային և 15 այլ անձանց՝ ասելով՝ քարեր հավաքեք: Ոստիկանության կողմից որպես վկա ներգրավված այս անձանցից մեկը հոգեկան առողջության խնդիրների հիմքով հաշվառված է Ավանի բժշկական կենտրոնում, իսկ մյուսը՝ ալկոհոլից կախվածության հիմքով` Գորիսի բժշկական կենտրոնում: Անդրեաս Ղուկասյանի և նրա պաշտպանի կողմից վկաների ցուցմունքները հաստատող այլ ապացույցներ հավաքելու միջնորդությունը նախաքննության մարմնի կողմից մերժվել է:

Նման փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը և շարունակական ազատազրկումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և նրան ազատ արձակել: