Թերևս՝ նորից Եվրադատարանը կստիպի փոխհատուցել պետբյուջեից

ԽԱԽՏՎԵԼ Է ԱՆՁՆԱԿԱՆ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՐԳԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

- Եվրադատարանը կքննի ոստիկանների գործողություններից տուժած լրագրող Գ. Առուստամյանի գործով գանգատը,- տեղեկացրել է ԳԱԼԱ-ն՝ հրապարակելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը, որը ներկայացնում ենք հատվածաբար:
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել  է 2015 թ. մայիսի 7-ին ձերբակալված և ոստիկանների կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու ֆիզիկական բռնության ենթարկված լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը:
 
Գայանե Առուստամյանի շահերը ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
 
...Գայանե Առուստամյանը ձերբակալվել և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնականի բաժին է տեղափոխվել 2015 թ. մայիսի 7-ին, երբ թույլատրված վայրում փողոցը հատելիս լսելով ոստիկանի սուլիչի ձայնը՝ անակնկալի գալով, հանդիմանել է վերջինիս՝ «Ինչ ես սուլում, այ էշ» արտահայտությամբ: Ոստիկանը դա որակել է որպես վիրավորանք և ոստիկանության այլ աշխատակիցների հետ նրան բաժին է տեղափոխել:
 
Ինչպես հայտնել է Գ. Առուստամյանը, ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին և բաժնում ոստիկաններն անվայելուչ պահվածք և արտահայտություններ են թույլ տվել նրա հասցեին՝ հոգեբանորեն ճնշելով ու ֆիզիկական ցավ պատճառելով նրան: Ինչի հետևանքով Գ. Առուստամյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա խնդրանքով շտապ օգնություն են կանչել: Հետագայում նրա նախաձեռնությամբ անցկացված դատահոգեբանական փորձաքննությունը հաստատել է նրա հոգեվիճակի վրա վերը նշված դեպքերի ունեցած ազդեցությունը:
 
Տեղի ունեցածի մասին Գ. Առուստամյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ է հարուցվել, սակայն 2015 թ. օգոստոսի 8-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվել: Վերադասության և դատական կարգով բողոքարկելուց հետո Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանը ներկայացրել է նաև վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել: ՄԻԵԴ ներկայացված գանգատով Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ մեղավորներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել:
 
Նրա ձեռք բերած հիվանդությունների ու ոստիկանության գործողությունների միջև կապը բացահայտելու նպատակով փորձաքննություն իրականացնելու տուժողի միջնորդությունները մերժվել են, իսկ սեփական նախաձեռնությամբ իրականացված փորձաքննության արդյունքները դատարանը որպես ապացույց չի ընդունել: Ոստիկանները ժամեր շարունակ նրան պահել են ձեռնաշղթաներով, տեսանկարհանել նրան՝ խախտելով նրա անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը:
 
Ձեռնաշղթաները 3 ժամ անց հնարավոր է եղել հանել միայն փրկարարների օգնությամբ, քանի որ ոստիկանները հայտարարել են, թե բանալին կորցրել են: Իսկ այս իրավունքների խախտման դիմաց փոխհատուցում ստանալու միակ ճանապարհը որևէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելն է, ինչը տեղի չի ունեցել: Եվրադատարանը գանգատի ստացումը հաստատել է 2017 թ. հունիսի 16-ի գրությամբ:
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ