Նորոգ պահեցեք ձեր հոգու տաճարը

ՎԵՐԱՕԾՈՒՄ

Զուր չէ ասված՝ Աստծո տաճարն է այն փրկօղակը, որը  հայրենի հողին ու եզերքին պիտի ամուր գամի հայ մարդուն, քանզի հավատքի ուժն է մարդկային էության մեջ անթեղում այն անբիծն ու լուսավորը, որն ապրեցնում և մարդեղացնում մարդուն  է։  
 
Տասնամյակներ անց Ագարակի՝ 1812  թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց վերաօծման կարգ՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի։
Արժանահիշատակ այս օրը եկեղեցու բակը մարդաշատ էր ոչ միայն Ագարակ համայնքի բնակչությամբ, այլև  բազմաթիվ հյուրերով և հավատավորներով, ովքեր եկել էին՝ ականատեսը  դառնալու մեծ և աստվածահաճո գործի։
Վերաօծման արարողությանը ներկա էին  Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանը, Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, տարածաշրջանի համայնքապետերն ու հոգևոր հայրերը։
 
Եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանինն էր։ Եվ վերակառուցման աշխատանքների զգալի մասը  իրականացրել է թեմի առաջնորդարանը՝ ի դեմս  թեմակալ առաջնորդի, ով ջանք ու եռանդ չխնայելով՝ նաև սեփական միջոցներն ուղղեց ծրագիրը հաջողությամբ պսակելու։
 
Համայնքի ջանքերով եկեղեցին մասամբ  վերականգնվել էր 1892 թվականին, իսկ 2001-ին Սամվել Ռշտունու  նախաձեռնությամբ հիմնանորոգվել էր ծածկը ։ 
 
Սրբազան Հոր նախաձեռնած բարի ձեռնարկին իրենց   գործնական աջակցությունը բերեցին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, Ագարակ համայնքի ղեկավար Ռուդիկ Բարխուդարյանը, համայնքի բնակչությունը և հավատավոր հայորդիներ։
 
Ինչպես իր խոսքում նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ օրը պատմական էր և շրջադարձային․
 
- Տաճարի նորոգման խորհուրդը սոսկ անառիկ պատերն ու  տանիքը չէ, այլև ոգու տաճարի անսասանությունն ու նորոգումը։ Հիշո՞ւմ եք, երբ Քրիստոսն ասաց, որ կարող է տաճարը քանդել  և երեք օրում կառուցել՝ մարդիկ չհավատացին, որովհետև  նրանք չէին հասկանում, թե ինչպես կարող է երեք օրում  կառուցել այն տաճարը, որը Սողոմոնը մի քանի տարում էր կառուցել։ Սակայն Քրիստոսը նկատի ուներ մարդու հոգևոր տաճարը։ Մշտապես նորոգ պահեցեք ձեր հոգևոր տաճարը։
 
Եկեղեցու նորաօծ խորանից, թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա  Թորոսյանի։ 
 
Ինչպես ուրախությամբ նշում էին համայնքի բնակիչները՝  հետայսու իրենց զավակների պսակակադրությունն ու մկրտությունը պիտի այս եկեղեցում կատարեն։
 
Եկեղեցու վերաօծման օրը՝  սեպտեմբերի 23-ը, թեմակալ առաջնորդը հայտարարեց Ագարակ համայնքի օր։
 
Անսահման էր երախտիքը՝ ուղղված Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, ում ջանքերով կյանքի կոչվեց այս համարձակ ծրագիրը։ 
                                                                                                                     Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ