Անձրևնե՞րն են մեր ջրային ռեսուրսների պատասխանատուն

ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՎԱԾՆ ԷԼ ՉԵՆՔ ԱՄԲԱՐՈՒՄ

Փաստորեն մեր երկրում չլուծված բազմաթիվ ու բազմապիսի խնդիրները պարզապես անլուծելի են: Անլուծելի են, որովհետև, որովհետև դրանք ինքնուրույն խելքի չեն գալիս, իսկ պատկան ատյանները մատնացույց են անում ոչ մի կերպ չհարստացող մեր բյուջեն: Ակամա ուզում ես ասել՝ այդ դեպքում ինչո՞վ է արդարացվում տարատեսակ կառույցների գոյությունը: 
 
Դիցուք՝ ամբողջ աշխարհին ջրի բնական պաշարներով հայտնի Հայաստանում կանաչ տարածքները հայտնվել են չորացման վտանգի առջև, որովհետև, ոլորտի պատասխանատուի պատճառաբանմամբ՝ անձրևներ քիչ են տեղում, կամ ընդհանրապես չեն տեղում: 
 
Եթե անձրևներն են մեր գյուղատնտեսությունը ջրարբիացնելու պատասխանատուն, ապա դրանք անվճար են. տեղան, թե ոչ՝ «հաց ու ջուր» չեն ուզում, այսինքն՝ մեր սուղ բյուջեից չեն սնվում: Մինչդեռ նույն բյուջեից սնվողները չեն էլ փորձում բնության անվճար բարիքը ամբարել: Դե, դա աշխատատար, ջանքեր պահանջող աշխատանք է, մինչդեռ «աղքատ ենք» պատճառաբանությամբ երկիրն ու գյուղացուն ավելի աղքատացնելը սովորույթի ուժով շարունակում է հոգեբանություն դառնալ:
 
Ամռանը ոռոգման ջրի սակավության պատճառով գյուղաբնակների բողոքները չէին դադարում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձրևների բացակայությունն է ջուր չունենալու պատճառը: 
 
Արսեն Հարությունյանը համաձայն չէ տարածված այն կարծիքի հետ, թե ջրօգտագործող ընկերությունները դիտավորյալ ջուր չեն տվել գյուղացուն: Նա հավաստիացնում է, որ անձրևներ չլինելու հետևանքով ջրամբարները թերի են լցվել: 
 
Ջրօգտագործող ընկերություններին անդրադառնալով՝ պաշտոնյան ասաց, որ այդ ընկերությունները խոշորացվել են և քանակապես նվազել՝ 39-ից մնալով 14-ը:
 
Իսկ թե «ե՞րբ կավարտվի Արփա-Սևան թունելի կառուցումը» հարցին ի պատասխան՝ ՋՏՊԿ-ի ղեկավարն ասաց. 
 
- 2020-ին: Դրա շնորհիվ հավելյալ 250 խմ ջուր կտրվի Սևանին:
 
Երևանի ջրամատակարարման մասին խոսելիս  ջրամատակարար կառույցի ղեկավարն ասաց, թե Երևանը ջրի խնդիր չի ունեցել: Այդ դեպքումինչպե՞ս հասկանալ  
 
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոռոգման ջրի խնդիրը, որի մասին արդեն մի քանի տարի է՝ խոսում են: 
 
- Հիմա Ծիծեռնակաբերդում ջուրը բաց ցանցով գնում է, թեև կորուստներ կան,- պատասխանեց կառավարության անդամը:
 
Իսկ ընդհանրապես Հայաստանում ոռոգման համակարգը շատ հին է ու իր խոսքով՝ «հոգնած»:
 
- Ինչո՞ւ Հայաստանը չի ամբարում մեր ջրային ռեսուրսները, որոնք հոսում են դեպի Թուրքիա և Ադրբեջան
 
Այս հարցի մասին անգամ գիտնականներն են բարձրաձայնում:  Պատճառը, ըստ բանախոսի՝ գումարների սղությունն է. ջրամբար սարքելը բավական մեծ գումարներ է պահանջում: Այսօր Հայաստանն ամբարում  է 1 մլրդ խմ ջուր: