«Գոլորշի» օպերացիա՝ ընդդեմ կոռուպցիայի

ԿԱՍԿԱԾԵԼԻՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Կոռուպցիա չէ՞, երբ քաղաքացին իր վճարած գումարի դիմաց պատշաճ ու որակյալ ծառայություն չի ստանում: Քանի՜  թեժ գիծ է գործում Հայաստանում, որքա՜ն քաղաքացի է ահազանգում թեժ գծերին ու ներկայացնում իր բողոքը՝ ջրանջատումներից մինչև աղբահանություն: Կոռուպցիայի դեմ պայքարող կառույցների ղեկավարներից քանի՞սն են մշտադիտարկել  բողոքները, լուծել խնդիրները, պատժել թերացողներին:
 
Չէ՞ որ խնդրի մասին թեծ գծին դիմելն էլ ազդարարի մի ձև է: Իսկ քանի հոդվածներ, ահազանգեր են բարձրաձայնել լրատվամիջոցները՝ կենցաղային հարցերից մինչև կոռուպցիոն սկանդալներ: Արդյունքը եղել է զրո՝ եթե մեղավորը հովանավորյալ կամ ամուր թիկունք է ունեցել: Ու փոխանակ այս ամենի միջոցով պայքարեն կաշառակերության  դեմ,   կոռուպցիայի դեմ պայքարի այլ մեթոդ է առաջարկվում.
 
- «Ազդարարման համակարգի մասին» օրենքը նույնպես կարևոր քայլերից եմ համարում, որի  շրջանակում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ՝ անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ, ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը:
 
«Անանուն հաղորդում» բառակապակցությունն ակամա հիշեցնում է ստալինյան 1937-ը, երբ հազարավոր մարդկանց «ժողովրդի թշնամի» որակումով սիբիրներ էին քշում: Որպես արդարացում՝ ասում էին, որ դա Ստալինի ու Բերիայի պահանջն է, մինչդեռ աքսորյալի կարգավիճակում չհայտնվելու համար  շարքային քաղաքացիները ստիպված այդ կարգավիճակում էին դնում իրենց հարազատներին ու հարևաններին: Ի դեպ, վիճակագրության համաձայն՝ ազգաբնակչության քանակի առումով ամենաշատ աքսորյալները եղել են Հայաստանից:  
 
Ո՞րն է երաշխիքը, որ անանուն հաղորդում տվողը որևէ մեկի դեմ ոխ ունենալով՝ անձնական հաշիվներ մաքրելու համար կոռուպցիայի դեմ պայքարը չի վերածի «գործ տալու» ինստիտուտի: Երևի թե դաշնակցական նորաթուխ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը հենց սա նկատի ուներ, երբ ազդարարի համակարգը որակեց որպես «գործ տվողների» համակարգ, որը վայել չէ մեր  ազգային հոգեկերտվածքին:
 
Եվ, ընդհանրապես, գիտության ու տեխնիկայի զարգացածության այսպիսի դարաշրջանում ի՞նչ է նշանակում անանուն  հաղորդում: Ցանկացած պահի՝ պայմանավորված իրավիճակով, կբացահայտվի անանուն հաղորդում տվողի յոթը պորտն անգամ: 
 
Կոռուպցիայի դեմ պայքարի շղթայի մի օղակն էլ պաշտոնյաների  ունեցվածքի հայտարարագրումն է, որին «Ավանգարդն» անդրադարձել է: Այն, ինչ առաջարկում է նոր օրենքը, «գոլորշի» բաց թողնելու նման է: Կասկածելի ճանապարհով գումարներ դիզած բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանված են ամեն տեսակի պատասխանատվությունից, իսկ «շարքային» չինովնիկներն այնքան մեծ եկամուտներ չունեն, որոնք կարողանան թաքցնել և պատասխանատվության ենթարկվել: