Հերթը հասել է տակաշորերին

ՀԱՄԱՑԱՆՑԸ «ԽՈՏԱՆԵԼ» Է ԶԻՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԸ

Պարզվում է՝ «Ուրիշի սպիտակեղենի մեջ քիթդ մի՛ խոթիր» ասույթը ևս ժամանակավրեպ է դարձել: Հիմա այդ «ուրիշն է» իր սպիտակեղենն ի ցույց դնում՝ թե՝ քննարկեք:
 
Իսկ ինչեր միայն չի քննարկում համացանցային հանրությունը: Օգտատերերի խմբերից մեկն, օրինակ (իհարկե՝ ո՛չ հայաստանյան), երեկ «սարսափ» է անվանել ուկրաինական զինված ուժերում ծառայող կանանց ներքնազգեստը:
 
Նախ նշենք, որ ներկայումս Ուկրաինայի ԶՈւ շարքերում ծառայում են շուրջ 24 հազար կանայք. այդ թվում՝ 2 916 սպաներ, որոնցից 42-ը գնդապետներ են:
 
Ակտիվորեն քննադատելով ուկրաինական բանակի կին զինվորականների համարնախատեսվող  ներքնազգեստի տեսքը, Facebook- ի օգտատերերը ձևավորողներին խորհուրդ են տվել դրանք փորձել իրենց կանանց վրա:
Սպիտակեղենի լուսանկարները իրենց ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Զինված ուժերի նյութական աջակցության զարգացման և սպասարկման գլխավոր վարչության աշխատակիցները: Թե ինչու՝ դժվար է ասել, որովհետև մարտնչող կամ խաղաղ ժամանակների զինվորների դեպքում հազիվ թե որևէ մեկը մտածի, թե «տակից» ինչ են հագել:
 
Օգտատերերն էլ չեն զլացել՝ մի լավ դատափետել ի տես բոլորի ցուցադրված «տակաշորերը»: 
 
Շատերը քննադատում էին ներքնազգեստի արտաքին տեսքը, ոմանք էլ, հավանաբար՝ հենց զինծառայողուհիները, «մաղթել» են, որ նմուշները բանակում չներդրվեն՝ միչև իրենց զորացրվելը:
 
- Հուսով եմ, որ մինչև իմ պայմանագրի ավարտն այս սարսափը չի ներբերվի կին զինվորների կյանք, - իր էջում գրել է սահմանապահ Սվետլանա Լիլիանան:
 
Իսկ Օլյա Կորոլեան նախագծի հեղինակին խորհուրդ է տվել հագուստը փորձել իր կնոջ վրա:
 
Ուրիշ դժգոհ կարծիքներ էլ են հնչել, և բոլորը միահամուռ եզրհանգել են, որ կանայք չեն մասնակցել ներքնազգեստի ձևավորմանը: