Մխիթարվե՛ք. ձեզ կիսով չափ են թալանել

ՄԵՂՔԸ «ՔԱՐԵՐԻՆ ՔՍԵԼԸ»՝ ԱՇԽԱՏԵԼԱՈՃ

Արդեն սովորական է դարձել, որ ցանկացած մի առավոտ արթնանում ես ու  առևտրի կենտրոններում հերթական թռիչքային գնաճին բախվում: Ու հիմնականում թանկացնում են առաջին անհրաժեշտության մթերքները՝ կարագը, միսը, ծխախոտը, պանիրը: 
 
Այս օրերին գնաճի սպառնալիքի առնչությամբ տարբեր պատճառաբանություններ են հնչում, որոնցից մեկը  ստվերի դեմ պայքարն է: Բայց որևէ պատճառաբանություն ոչ միայն չի «կարկատում» անվճարունակ սպառողի պատռտված գրպանը, այլև հավատ չի ներշնչում, որ ստվերը կնվազի:
 
Այդ վարկածին կհավատայինք, եթե, օրինակ, սուպերմարկետների աշխատակիցների քանակի կտրուկ աճ արձանագրվեր: Այսինքն, միանգամից մի քանի հարյուր փաստացի աշխատող հաստիք ստանար, ինչը կնշանակեր հարկերի ավելացում: Անգամ ՊԵԿ-ը մինչ օրս լռում է, իսկ ՊԵԿ-ի մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ Հայաստանի 4-5 խոշոր խաղացողի ձեռամբ է դա արվում՝ որպես նախամանորյա թանկացում: Ի դեպ՝ շարքային սպառողն էլ այդ համոզմանն է՝ տարիներ շարունակ կրկնվող այդ սցենարն անգիր իմանալով: Պարզապես եթե   նախորդ տարիներին Նոր տարվա «ծանրաձողը» մեր ուսերը ճնշել է դեկտեմբերին, այս տարի հայ օլիգարխները շտապում են պահ առաջ «բարձել» իրենց հպատակ սպառողներին: Ու կասկած չկա, որ դեկտեմբերյան ավանդական գնաճն այս տարի կսանձվի: 
 
Տնտեսագետներից ոմանք հավանական են համարում, որ  թանկացումը պայմանավորվածության արդյունք է՝ Հայաստանում մենաշնորհների գոյության պատճառով: Ի վերջո, առաջին անհրաժեշտության մթերքերն արտադրվում են Հայաստանում, ու գնաճի խնդիր չպետք է լիներ: Մասնագետները համոզված են՝ քանի դեռ մենաշնորհների դեմ պայքար չկա, մինչև տարեվերջ շարունակական կլինի:
 
Հետաքրքիր բացատրություն սպրդեց մսամթերքի թանկացման մասին: Գործարար Սամվել Ալեքսանյանը Իրաք ու Քրդստան ահռելի քանակությամբ միս է արտահանել, որի պատճառով մեր շուկայում սղություն է, և տավարի մսի գինը դառնալու է 5 000 դրամ: Մինչդեռ մեր երկրից մսի արտահանում միշտ եղել է, բայց այսպիսի գնաճ՝ ոչ: 
 
Ի՞նչ է անում այս ուղղությամբ կառավարությունը: Գործադիր մարմնի անդամներն, իրար հերթ չտալով, ազդարարում են 4.3 տոկոս տնտեսական սպասվելիք աճի մասին, և ոչ մի խոսք՝ աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացման վերաբերյալ: Իսկ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը փոխանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հանձնարարի օբյեկտիվ ուսումնասիրություն կատարել՝ պարզելու, իր իսկ դիպուկ արտահայտությամբ՝ «պրիմիտիվ» խաբեությունը, լռելյայն աչք է փակում այդ ամենի վրա: Իսկ ինչո՞ւ հանձնարարություն տա, եթե մեղքը կարելի է բարդել միջազգային շուկաների գնային տատանումների վրա: Այդ մասին հայտարարել է  ՏՄՊՊՀ-ի պաշտոնյան ու նույնիսկ մխիթարել՝ մյուս երկրների համեմատ՝ մեր երկրում  կարագի գինն աճել է «համեմատաբար աննշան»՝ 44-50 տոկոս: Ընդգծենք՝ աննշան՝ ընդամենը 44-50%:
 
Դե, այդ կառույցից սպասելիքներ առանձնապես պետք չէ ունենալ: Վաղուց ի վեր Մրցակցության հանձնաժողովը դարձել է մոնոպոլիստ օլիգարխների ցանկությունները դակող ու վավերացնող կամակատար կառույց, որը ցանկացած կասկածելի գործընթացի համար մի բառակույտ արդարացում գտնում է: Արդարացում՝ հօգուտ մի ամբողջ ժողովրդի աղքատության ճահիճը նետած մեծահարուստների: