Վարունգ ուտողները մահանում են. Լևոն ԱԼԹՈւՆՅԱՆԸ՝ ձեռքբերումների մասին
ԳԱՐԴԱՍԻԼՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր մտերմիկ մթնոլորտում ամփոփում էր նախարարության մեկ տարվա գործունեությունը: Ֆուրշետային հյուրասիրությամբ «Գրանդ Հոթել» հյուրանոցում նա մեկ ժամ էր նախատեսել ասուլիսի համար, որից 30 րոպեն օգտագործեց նախարարության կատարած աշխատանքը ներկայացնելու:
Առաջին հարցը Տավուշի մարզում տարածված տուլարեմիա հիվանդության մասին էր: Նախարարը հավաստիացրեց՝ բոլոր հիվանդներն ապաքինվել են, մոտ 450 բնակիչ ստացել է պատվաստանյութ:
Առաջին անգամ չէ, որ Հայաստանում տուլարեմիա հիվանդությունն է բռնկվում: Տարիներ առաջ էլ Գեղարքունիքի մարզում դա եղավ: Գուցե ընտանեկան բժշկի ինստիտուտն այնքան էլ զարգացած չէ, որ կարողանան ժամանակին ախտորոշել: Եթե այդպես է, որեմն բյուջեի գումարները վատնվել են:
- Տուլարեմիան Հայաստանի համար էնդեմիկ վարակ է: Հայաստանի տարածքում բնակվող կրծողները հանդիսանում են այդ վարակի կրիչ եւ փոխանցող: Հետևաբար, Հայաստանում չճանաչել տուլարեմիան մի քիչ դժվար է, որովհետեւ բժիշկները գիտեն այդ վարակի մասին,- ասաց գործադիր մարմնի անդամը:
Ինչ վերաբերում է ընտանեկան բժշկի համակարգին, ապա այն կայացել է այնքանով, ինչքանով որ կայացել է, բայց դեռ լավացնելու տեղ կա:
Լևոն Ալթունյանն անդրադարձավ նաև նախկինում հնչեցրած իր մտքին, թե շտապ օգնության որոշ ծառայություններ պետք է դարձնեն վճարովի: Ոլորտի պատասխանատուն պնդում է, որ այդ ծառայությունը որոշ առումներով դառնա վճարովի: Ըստ նրա, քաղաքացին չի ցանկանում գնալ պոլիկլինիկա, որովհետեւ անձրև է գալիս և գերադասում է ներարկման համար շտապօգնություն հրավիրել: Հենց նման ծառայությունները, նախարարի կարծիքով, պետք է լինեն վճարովի, և դրանք կարող է մատուցել շտապօգնությունը: Կամ՝ դիցուք, տատիկը ցանկանում է իր հիվանդության մասին զրուցել շտապօգնության ծառայության աշխատակիցների հետ, քանի որ իր թոռնիկները Հայաստանում չեն:
Հետաքրքիր է իմանալ, թե մեր քաղաքացիներից քանի՞սն են այդպիսի հարցերով զանգահարում շտապօգնություն, որ նա մտմտում է այդ ծառայությունները վճարովի դարձնել:
- Վտանգավո՞ր է պապիլոմա վիրուսի դեմ կիրառվող «Գարդասիլ» պատվաստանյութը, որի մասին հնչում են տարբեր մտահոգություններ թե Հայաստանում, թե արտերկրում:
Արի ու տես, որ նախարարության համար հիմք են ոչ թե լրատվամիջոցների հրապարակած փաստերը, այլ գիտական աշխատությունները, որոնց ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ այն մարդու առողջությանը ոչ մի վնաս չի հասցնում:
Մինչդեռ հենց մեր դաշնակից Ռուսաստանում այդ պատվաստանյութը չի կիրառվում: Ավելին, Ալթունյանի ռուսաստանցի գործընկերը վերջերս հայտարարեց, որ հաստատված չէ, թե «Գարդասիլը» կանխում է արգանդի վզիկի դեմ քաղցկեղը: Իսկ Ճապոնիան հրաժարվել է դա կիրառել:
Նախարարը նաև հայտնեց, որ այս պատվաստանյութն արդեն 10 տարի է մեր երկրում կա և օգտագործվել է կամավոր, քանի որ այն 300 դոլար է: 1000-2000 կին ու աղջիկ պատվաստվել են, և կողմնակի ազդեցության դեպքեր չեն եղել.
- ԱՄՆ-ում եղել են պատվաստանյութի ներարկումից հետո երկարատև ցավեր ունենալու դեպքեր, որոնք, ինչպես հետո է պարզվել, ռևմատոիդային արթրիտի հետևանք էին, որի կապը պատվաստանյութի հետ անհնար էր ապացուցել: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ վարունգ ուտողները մահանում են:
Որպեսզի բնակչությանը համոզեն, որ պատվաստանյութն անվտանգ է, Հայաստանի առողջապահության նախարարության ղեկավար կազմի երեխաները և թոռներն առաջինը կպատվաստվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ:
Նախարարն այդպես էլ ուղիղ չպատասխանեց նաև այն հարցին, թե արդյո՞ք իրեն գոհացնում է պոլիկլինիկաներում ծառայությունների մատուցման որակը։
- Մանուկ հասակում հաճախել եմ, գոհ եմ եղել պոլիկլինիկայից և անձնակազմից, դա վաղուց էր։ Արդեն նախարարի պաշտոնում գիտեմ պոլիկլինիկաների վիճակը, գիտեմ, որ դրանց մի մասը՝ 15-20 տոկոսը, վերանորոգման, 30-35 տոկոսը՝ վերազինման ու արդիականացման կարիք ունեն,- ասաց Ալթունյանը։