Պիղատոսյան ձեռնլվա՞, թե՞ լռելյայն լավամարդ
ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌՆԵՐԻ` ԱՄԵՆ ԻՆՉ
Ընդդիմադիր «Ելք» դաշինքը երեկ հայտարարեց, որ դպրոցների և մանկապարտեզների 136 տնօրեններ ցուցակներ են կազմել՝ հավաքագրելով ուսուցիչների ու աշակերտների ծնողների ձայները: Դաշինքն իրականում նորություն չի ասել, քանի որ վարչական ռեսուրսի կիրառման մասին ընտրություններում միշտ է խոսվել: Պարզապես նախորդ ընտրություններում ընդդիմության հայտարարությունները երբեմն փաստի վրա հիմնված չէին և հաճախ հնչում ու ընկալվում էին որպես մերկապարանոց հայտարարություններ: Այս անգամ իշխող ուժն անարձագանք չի թողել ընդդիմադիրների մտահոգությունը:
Ըստ էության, ՀՀԿ արձագանքը երևույթի քաղաքական պարզաբանումն է կամ՝ քաղաքական գնահատական.
-Ընտրական օրենգիրքը չի արգելում ՀՀ-ի քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս:
Այդպես էլ կա: Սակայն, հիմք ընդունելով «Ելք»-ի հրապարակած տվյալները, կարելի է ենթադրել, որ ուսուցիչներ-ծնողներ նախընտրական հարաբերությունները միշտ չէին կարող լինել աշխատանքային ժամից դուրս: Աշակերտների ծնողների մեծ մասի զբաղվածությունը, տարածական ու ժամանակային հեռավորությունը հուշում է, ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ շփումը եղել է աշխատանքային ժամերին:
Հազիվ թե դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն իրենց սաների տներ այցելեին որպես քարոզիչներ: Ավելին, ըստ հրապարակված տվյալների, տնօրենների հետ ցուցակների մասին ձայնագրություններում հարցերը տրվել են հենց աշխատանքային ժամերին: Ու եթե կրթության ոլորտի ներկայացուցիչներն նախընտրական հարցերով զբաղվեին իրենց աշխատանքից դուրս, ապա այդքան օպերատիվ չէին կարող հարցերին պատասխանել:
Իշխող կուսակցության արձագանքը, բնականաբար, այս համատեքստում սպասելի էր և օրինաչափ: Անհականալի է, սակայն, Երևանի և մարզպետարանների քաղաքապետարանների լռությունը, որն ընկալվում է ոչ այլ կերպ, քան՝ հանուն աթոռների նպատակն արդարացնում է միջոցները:
Զարմանալի է հատկապես ԿԳ նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանի լռությունը: Մինչ նախընտրական քարոզարշավը նա ասել է, որ եթե որևէ փաստ հրապարակվի, ապա նախարարությունն անպատասխան չի թողնի: Եթե արձակուրդում գտնվող Լևոն Մկրտչյանն իրեն թույլ է տալիս լռություն պահպանել, ապա ԿԳ նախարարությունը կամ նախարարին փոխարինողը պետք է որ արձագանքեին:
Արդյո՞ք որպես պատկան գերատեսչության կարծիք կամ տեսակետ պիտի ընդունվի դաշնակցական լրատվամիջոցներում մեկում հրապարակված արդարացնող բովանդակությամբ հոդվածը: Այն էլ՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ՝ թե ցուցակագրումները միայն ՀՀԿ-ի համար են, դաշնակցական նախարարն իր պաշտոնը հանուն կուսակցության չի օգտագործում:
Եթե անգամ այդպես է, ապա տրամաբանորեն սա պիտի անհանգստացներ ՀՀԿ կոալիցիոն գործընկերջը` «հեղափոխականներին»: Իսկ նրանց վայել չէ բավարարվել միայն Պիղատոսի նման ձեռքերը լվանալու անհասկանալի բացատրությամբ: Իսկ միգուցե ՀՅԴ-ն չի՞ ցանկանում վատամարդ լինել: Ամեն դեպքում, սիրուն չէ, ընկերնե՛ր: