Դոմինոյի էֆֆեկտին սպասելիս կամ նախահարձակ` «չարժեքներին»

1-ԻՆ ՊԱՏՎԻՐԱՆ` ԱՊԱԳԱ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ

Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Թե որքանով սա կնպաստի Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների կամ  ինչպես  իշխանությունն է ասում «և-և»-ի քաղաքականությանը` ցույց կտա ժամանակը: Սակայն մտավախություն կա, որ համաձայնագրից հետո ՀՀ-ին նորից կհիշեցնեն եվրոպական  «չարժեքների» մասին, որոնց քարոզչության համար  որոշ  ՀԿ-ներ և քաղաքական գործիչներ վարձատրվում են` դառնալով թշնամու 5-րդ շարասյունը:

Խոսքը վերաբերում է  հայ հանրության արժեհամակարգին խորթ մի շարք  անընդունելի «արժեքներին», որոնց գերագնահատումը հենց եվրոպական երկրներին հասցրեց  կործանումի նախադռանն ու անհասկանալի իրավիճակի:  Մասնավորապես,  եվրոպական շատ երկրներում ավանդական արժեահամակարգի պահպանման համար շարժումներ են ձևավորվել` «եվրոնացիոնալիզմ» անվանումով: 

11 մլն եվրո արժողությամբ  ԵՄ-ից պարտադրված ընտանեկան բռնության մասին օրինագիծն ամիսներ առաջ բուռն քննարկվեց, անգամ հումորի արժանացավ  հանրության մի մասի կողմից: Հերքել, թե  մեր երկրում չկա այդ երևույթը, կնշանակի ջայլամի ոճով ինքնաքողարկման վարքագիծ դրսևորել: Բայց  ասել, թե ժանտախտի նման այն մոլեգնում է, ինչպես հաճախ որոշ գրանտալափ կառույցներն են ասում, դա էլ ճիշտ չէ:  

 
Ամիսներ առաջ  տեղի ունեցած հանրային քննարկումները ցույց տվեցին, որ այդ հարցը կարելի է լուծել՝ իրավական ու օրենսդրական  համակարգում ինչ-ինչ փոփոխություններ անելով: Օրինակ, տարիներ առաջ ոստիկաններն ամուսիններից մեկի  բողոքը մյուսի դեմ բռնության մասին «գլխառադ» էին անում, ընթացք չէին տալիս: Այսօր պատկերը փոքր-ինչ այլ է. Նման գանգատներին ընթացք է տրվում՝ կարևորելով խնդիրը:  
 
Բացի այդ, նախագծում կարևորում էին  բռնության ենթարկվածների համար  հատուկ ապաստարանների կառուցումը,  որոնք կարելի է անել առանց  արտաքին «պապաների» միջամտության: Առաջարկվում էր Կառավարության որոշմամբ սահմանել և համապատասխան տեղական  կառույցներին հանձնարարել՝ ապաստարան տալ բռնության ենթարկվածներին: 
 
Մարդու իրավունքների քողի ներքո բարձրացվող մյուս խնդիրը կրոնական կառույցներն  ու սեռական փոքրամասնություններն են: Վերջինիս դեպքում Հայաստանը խուսափեց սահմանադրորեն` կնոջ ու տղամարդու միությունն է  ամուսնություն համարվում:  Հարցը կարծես թե փակված է: ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո էլ փորձ է արվում մի կողմ նետել  օրինականացված աղբն ու վերջ դնել  սեռական ու տարատեսակ փոքրամասնությունների բռնապետությանը:
 
Բայց ահա կրոնական կառույցների դեպքում Հայաստանում վիճակը լուրջ է: Խղճի ազատության անվան տակ տասնյակից ավելի կառույցներ  գրանցվել ու քայքայիչ գործունեություն են ծավալում: Նախընտրական շրջանում էլ այս ամենին գաղտնի  մասնակից  են դարձնում նաև քաղաքական ուժերին, որոնք  նախընտրական վերջին շաբաթում պետք է այս հարցերին անդրադառնան: Բնականաբար՝ պատկառելի քանակով քվեների խոստումով:
 
Թե որքանով վերոնշյալ երևույթները կվերակենդանան՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրից  հետո, ապագան ցույց կտա: Բայց դաշնակից երկիր Ռուսաստանն օրեր առաջ  չգրանցեց «Եհովայի վկաներ» կազմակերպությանը: Հուսանք` սա դոմինոյի  ազդեցություն կունենա ու նույնը կտեսնենք նաև մեր երկրում, առավելևս, որ մասնագետների հավաստմամբ՝ ՀՀ օրենսդրությունը լիովին թույլ է տալիս այս ամենի դեմն առնելու: