Հոգեկան խանգարումների 90 տոկոսը լիովին բուժվում է. հոգեբույժ

ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոգեբույժները վստահեցնում են, որ վերջին տասնամյակներում դիտվում է ախտորոշված և օգնություն ստացած հիվանդների թվի աճ. ախտորոշման չափանիշները զարգացել են, և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հայտնաբերումն ավելի դյուրին է դարձել:

Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում հոգեկան խանգարում ունեցող մարդկանց քանակի աճին, ապա նման բան չի նկատվում, պարզապես դիմելիության մակարդակն է փոխվել. հատկապես դեռահասների ու երիտասարդների շրջանում սեփական հոգեկան աշխարհի բացահայտման միտում կա:

Ուշագրավ է, որ այն խնդիրները, որոնք միշտ համարվել են կանացի, օրինակ` դեպրեսիվ խանգարումները, կամ տղամարդկային` հոգեակտիվ նյութերի չարաշահումը և կամ հոգեսեքսուալ խանգարումները, այսօր ավելի ու ավելի հաճախ են ախտորոշվում նաև հակառակ սեռի մոտ:

Այս և այլ թեմաների շուրջ զրուցեցինք Բժշկության և բնական գիտությունների զարգացման կենտրոնի նախագահ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս, «Մեդլայն» ԲԿ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Արամ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

- Ի՞նչ աստիճանի բարդություններ է ունենում հոգեկան խանգարումը: Մարդը կարո՞ղ է ինքն անձամբ իրեն օգնել՝ թեթևացնելու համար իր վիճակը:

- Բարդությունները կախված են հոգեկան խանգարման տեսակից՝ սկսած անձի փոփոխություններից, աշխատունակության իջեցումից, մինչև կյանքի տևողության զգալի կարճացում և սուիցիդ։ Եթե խոսում ենք խանգարումների մասին, կարևոր է հասկանալ, որ հոգեկան ոլորտը որևէ բանով չի տարբերվում մարդու օրգանիզիմի այլ ոլորտներից, ունի նույնչափ նյութական ու ռեալ պատճառներ և պահանջում է նույնչափ լուրջ և հետևողական բուժում՝ մասնագետի կողմից։ Թեթև, ոչ կլինիկական դեպքերում մարդիկ կարող են հաղթահարել իրենց խնդիրները, բայց, օրինակ, լուրջ դեպրեսիայի ժամանակ մարդուն հորդորել, որ իրեն հավաքի և հաղթահարի իր խնդիրը` նույնն է, ինչ կոտրված ոտքով մարդուն ստիպեն քայլել՝ հենվելով վնասված ոտքի վրա։

- Իսկ ցանկացած խանգարման դեպքում պարտադի՞ր է դեղորայքային բուժումը:

- Պարտադիր չէ, հաճախ բավարար է լինում հոգեթերապևտիկ բուժումը։ Սակայն պետք է հաշվի առնել երկու գործոն։ Առաջինն այն է, որ ցանկացած դեպքում նախընտրելի է՝ առաջին այցելությունը լինի հոգեբույժի մոտ, քանի որ նա ունի բժշկական կրթություն և կարող է ճիշտ ախտորոշում կատարել: Երկրորդը` հաճախ հոգեթերապիան ավելի երկարատև և թանկարժեք միջոց է, քան դեղորայքային բուժումը, իսկ այն միֆերն ու կարծրատիպերը, որոնք կապված  են հոգեմետ դեղերի հետ, մեծ մասամբ չեն համապատասխանում իրականությանը։ Ապացուցողական բժշկությունն ասում է, որ հոգեկան խանգարումների մեծամասնության դեպքում ամենաարդյունավետն է դեղորայքային և հոգեթերապևտիկ բուժումների զուգակցումը։ Ամեն դեպքում՝ բուժման մեթոդի ընտրությունը պետք է կատարվի մասնագետի կողմից, այլ ոչ թե խանգարում ունեցող մարդու կամ նրա հարազատների:

- Խոսեցիք միֆերի ու կարծրատիպերի մասին. իսկապես, մեր հասարակության շրջանում տարածված տեսակետ կա, թե հոգեբուժարանները նման են կալանավայրերի, իբրև թե այնտեղ մարդկանց իրականում չեն բուժում, այլ հոգեմետ դեղերով ժամանակավորապես թմրեցնում են, ինչից նրանց հիվանդություններն ավելի են խորանում և այլն…

- Նման պնդումները բացարձակ հիմնավոր չեն։ Միգուցե հոգեբուժարանները հին են, վերանորոգված չեն և պոզիտիվ տպավորություն չեն թողնում, սակայն այնտեղ աշխատում են որակյալ կրթություն ստացած մասնագետներ, և մարդկանց բավականին մեծ թիվ հոգեբուժաաններից դուրս է գրվում լրիվ կամ մասնակի լավացումով:

- Այսինքն` լիակատար ապաքինում հնարավո՞ր է:

- Հոգեկան խանգարումների 90 տոկոսը լիովին բուժվում է. տասը հոգեկան խանգարումներից ինը լիարժեք բուժվում է։ Գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք է լինում դեպրեսիվ և տագնապային խանգարումների բուժման դեպքում, որոնք իրենց տարածվածությամբ զբաղեցնում են առաջին երկու տեղերը: Այսօր նույնիսկ շիզոֆրենիայով հիվանդներն ունեն լիովին բուժվելու շանս, թեև այն առայժմ համեմատաբար ցածր է:

- Հետաքրքիր է, առհասարակ հոգեկան խանգարումներն ի՞նչ պայմաններում են զարգանում, դրանք ձեռքբերովի՞ են:

- Որպես կանոն, հոգեկան խանգարումների զարգացման մեջ դեր են խաղում մի քանի գործոններ, որոնցից մեկը ժառանգականն է: Սակայն հիմնականում ժառանգվում է ոչ թե հիվանդությունը, այլ նախատրամադրվածությունը, այսինքն՝ անձի տեսակ, որոշակի առանձնահատկություններ, որոնք մարդուն դարձնում են համեմատաբար ավելի խոցելի։ Հետագայում արդեն այդ անձի վրա իրենց ազդեցությունն են թողնում արտաքին միջավայրի հոգեբանական և սոցիալական գործոնները, ինչն էլ հանգեցնում է խանգարման ի հայտ գալուն։ Ծանր հոգեկան խանգարումների դեպքում ժառանգական գարծոնի ազդեցությունը համեմատաբար ավելի մեծ է, իսկ զուտ ժառանգական է համարվում հիմնականում միայն մտավոր հետամնացության դեպքերի մեծամասնությունը:

- 21-րդ դարում հոգեկան խանգարում ունեցող մարդը մեր երկրում կարո՞ղ է ինտեգրվել հասարակությանը, եթե ոչ` ըստ Ձեզ ի՞նչն է պատճառը:

- Տեսականում կարող է։ Մեր պրակտիկայում մենք ունենք նման դեպքերի որոշ քանակություն, երբ համընկել են բոլոր բարենպաստ գործոնները՝ արդյունավետ բուժում, որակյալ դեղորայք գնելու և հոգեթերապիայի համար վճարելու ունակություն, ընտանիքի աջակցություն, սոցիալական լիարժեք վերականգնում և այլն։ Ես վստահ եմ, որ մոտակա ժամանակներում այդ գործընթացը կզարգանա, քանի որ մի կողմից փոխվում է մարդկանց մենթալիտետը, մյուս կողմից՝ աճում է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների որակավորումը։ Այս հարցում շատ կարևոր դեր է խաղում հոգեկան խանգարումների կանխարգելումը, որը սկսվում է մանկական տարիքից և շարունակվում ամբողջ կյանքի ընթացքում: