Բոլորը պարտատեր են, պարտք հատուցողը չկա

«ՁԵԶ ՈՉ ՈՔ ՈՉԻՆՉ ՊԱՐՏՔ ՉԷ»

Ամերիկացի գրող Մարկ Տվենը, բացի իր անմոռաց գրական երկերից, նաև իմաստուն մտքերի շտեմարանին շատ արժեքավոր նմուշներ է պահ տվել: Այս օրերին դրանցից ինը շրջանառվում են սոցցանցերում և էլեկտրոնային լրատվամիջոցներում, որոնցից մեկը ասես հենց հայերիս ու Հայասատանի մասին է ասված:

Կյանքում հաջողության հասնելու ձգտում ունեցող մարդկանց հանրահայտ գրողը խորհուրդ է տալիս նկատի ունենալ. «Ձեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ»: Թե ինչպես է 1835-1910թթ. ապրած գրողը կռահել, որ հենց այս խոսքերն են ամենաճիշտը բնորոշելու մեր օրերին հային` մնում է միայն զարմանալ: Թերևս իր «Կոնեկտիկուտցի յանկին Արթուր թագավորի արքունիքում» ֆանտաստիկական վեպի հերոսին հակառակ` ինքն էլ ապագա է տեղափոխվել ու ամեն ինչ իր աչքով տեսել…
Մեր հասարակության երևի իննսուն տոկոսը ինչ-որ մեկից բաներ է պահանջում, բոլորին մեղադրում, իր ունեցած ձախորդությունների համար ում ասես չի մեղադրում (իհարկե` ամենից առաջ և ամենաթունդը` իշխանություններին): Մարդիկ փոխանակ փորձեն եղած խնդիրները լուծել, քար դնել քարի վրա, բողոքում ու հայհոյում են, սպառնում երկիրը լքել, շատերն էլ հենց այդպես են վարվում: Ընդ որում, ամենախիստ պարտապահանջները հենց այն խավից են, որն ապրուստի բավարար միջոցներ, հասարակական դիրք, հնարավորություններ ունի: Դե իհարկե, քաղցած հո չեն, բայց ախր հարևանի ավտոմեքենաներն իր ունեցածից լավն են…
 

Դե ուրեմն՝ իրենք պարտատեր են ու ամբողջ ձայնով այդ պարտքը պահանջում են պարտքը:

Հիշեցում՝ Մարկ Տվենը պարտք պահանջելուց հրաժարվելու խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ցանկանում են կյանքում հաջողության հասնել: Այստեղից հետևություն` մինչև մենք չհասկանանք, որ ոչ ոք մեզ պարտք չէ, որ ինքներս` ամեն մեկս մեր ուժերի չափով, պետք է ջանք թափենք ու մեր տունը շենացնենք, հաջողությունը մեր ուղեկիցը չի լինելու: Իսկ որ այդ տանը անելու՝ դարերով կուտակված, բարձիթողի արված անչափ շատ գործ կա` բոլորն են տեսնում: Օրինակ, Հայաստանից դուրս բնակվող և իրենց ապրած երկրներում հեղինակություն վայելող հայ արվեստագետները կարող են, չէ՞, ՀՀ-ի գործելակերպին, նախընտրական գործընթացներին հաճախ անհամարժեք գնահատականներ տալու փոխարեն, ջանքերը միավորել ու գոնե խանգարել, որ հայտնի հայատյաց ու մշակույթի գող Փոլադ Բյուբյուլօղլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունն իր ձեռքը չառնի: Դա կլինի գործ, հակառակ այժմ առկա լացուկոծի և պարտքուպահանջի: